ԱՅՍՔԱՆ ԱՆՇՈՒՔ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բյուրեղավանը Հայաստանի փոքր քաղաքներից է` չնայած շատ հեռու չէ մայրաքաղաքից, սակայն տպավորությունն այնպիսին է, որ մոռացված է, գտնվում է յոթ սարից այն կողմ: Երեւի այս մոռացվածությունն է պատճառը, որ քաղաքն իր իրադարձություններով եւ այստեղ կուտակված բազում սոցիալական խնդիրներով դուրս է մնացել տեսադաշտից:
Առաջին հերթին` այս քաղաքը չի հետաքրքրում հենց Կոտայքի մարզպետին ու մարզպետարանին: Իհարկե, չհետաքրքրել բառը վերաբերում է միայն այստեղ սոցիալական ծրագրեր իրականացնելուն, իսկ ահա քաղաքապետի ընտրությունների, ՏԻ մարմինները յուրայիններով համալրելու հարցում, բնականաբար, ոչ միայն հետաքրքրությունն է մեծանում, այլեւ այս քաղաքն էլ դիտարկելով որպես պոտենցիալ ընտրողների «հանգրվան»` ամեն ինչ արվում է, որպեսզի իշխանության համար ձայն բերող մարդիկ դառնան քաղաքապետ եւ  տեղավորվեն քաղաքապետարանի աշխատակազմում:
Ներկայում այս համայնքի ղեկավարը Հակոբ Բալասյանն է. անչափ համեստ կենսագրության տեր մի մարդ, ով ավարտել է Երեւանի պետական համալսարանը, սակայն քաղաքապետարանից այդպես էլ չկարողացան ճշտել, թե հատկապես որ ֆակուլտետն է ավարտել իրենց ղեկավարը: Ավարտելով համալսարանը 1981 թվականին` Բալասյանն անմիջապես աշխատանքի է անցել Բյուրեղավանի «Հայբյուրեղապակի» արտադրական միավորումում որպես հերթափոխի պետ: Բանակում, «բնականաբար», չի ծառայել: 5 տարի հերթափոխի պետ աշխատելուց հետո չորս տարի էլ եղել է շրջկոմի իրավունքով գործող, Բյուրեղավանի կոմերիտական սկզբնական կազմակերպության քարտուղար: 1989-ին կոմերիտմիության հեղինակությունն արդեն սասանվել էր, ուստի թողնելով այդ պաշտոնը` Հակոբ Բալասյանը նշանակվել է «Հայապակի» արտադրական միավորման նախագահ: Այստեղ էլ շատ երկար չի աշխատել` ընդամենը 2 տարի,  եւ 1991-ից տեղափոխվել Կոտայքի շրջանային խորհրդի գործկոմ` զբաղեցնելով նախագահի տեղակալի պաշտոնը: Երբ 1996-ին վերջնականապես լուծարվել են շրջանային խորհուրդները, Հակոբ Բալասյանն աշխատանքի է անցել Կոտայքի մարզպետարանում, եղել քարտուղար, ապա` աշխատակազմի ղեկավար: Ուղիղ տասներկու տարի մարզպետարանում աշխատելուց հետո 2009-ից դարձել է Բյուրեղավանի քաղաքապետ:  
Նշենք, որ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը համարվում է առանցքային, նրա ձեռքի տակով են անցնում մարզպետարանին հատկացվող ֆինանսները, նա է զբաղվում միջին օղակների մասնագետների նշանակման հարցերով, մրցույթների կազմակերպմամբ: Այսինքն` բավական ֆինանսաբեր պաշտոն է, բայց Հակոբ Բալասյանը հրաժարվել է այդ ամենից ու դարձել մարզի քաղաքներից մեկի ղեկավարը: Երեւի այստեղ էլ ինչ-որ շահագրգռություններ են եղել: Անշուշտ, առաջին հերթին դեր է խաղացել այն, որ  նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, որին  անհրաժեշտ է եղել «բհկ-ացնել» Բյուրեղավանը: Նախկին քաղաքապետից հոգնած ու զզված բյուրեղավանցիները հույսեր են փայփայել, հավատացել, որ նոր քաղաքապետն իրենց մատից փուշ կհանի: Բայց…
Գալով քաղաքապետի պաշտոնին` Բալասյանը ոչ միայն իր նախընտրական ծրագրերը չի կատարում, այլեւ սկսում է զայրանալ, երբ քաղաքի խնդիրների մասին բարձրաձայնում են: Այսպես, բյուրեղավանցի մանուկները շատ են ուզեցել մանկապարտեզ ունենալ, իսկ Հակոբ Բալասյանը ոչ թե ջանքեր է գործադրել մանկապարտեզի կառուցման հարցում, ինչն իր կուսակցության համար մի բաժակ ջուր խմելու պես բան էր, այլ սկսել է «ուսումնասիրել», թե ով կարող էր այդ խնդիրը բարձրացրած լինել: Այսինքն` հին սովետական մտածողությամբ եկել ու քաղաք է կառավարում` գրեթե ոչինչ չանելով շուրջ 10 հազար բնակիչ ունեցող Բյուրեղավանի համար:
 Մինչդեռ ընտրությունների նախօրյակին Հակոբ Բալասյանը բավական գունեղ «պատկերացումներ» ուներ, շատ «պայծառ» էր ներկայացնում իր ծրագրերը` ասելով. «…մշակվել է Բյուրեղավան քաղաքի զարգացման ընդգրկուն ծրագիր, որի իրականացման արդյունքում նախատեսում ենք ունենալ իր ողջ հնարավորություններով արդիական չափանիշներին համապատասխանող քաղաքային համայնք»:  Մոտ 3 տարի է,  ինչ Հակոբ Բալասյանը ստանձնել է քաղաքի կառավարումը, բայց արդիական չափանիշները դեռեւս չեն նշմարվում: Փոխարենը վատ վիճակում չէ Հակոբ Բալասյանի անձնական բիզնեսը, որի մասին բյուրեղավանցիները հաճախ են խոսում` ասելով, թե կուշտը սովածին մանր կբրդե:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս