ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, ի դեմս ղեկավարներ Կարեն եւ Սամվել Կարապետյանների, երեկ, հուշագիր ստորագրելով ՀՀ ԿԳՆ-ի հետ, հայտարարեց, որ ՀՀ-ում, ԼՂՀ-ում եւ Ջավախքում հիմնադրամի կողմից իրականացվելիք բարեգործական ակցիաների մեկնարկը տրված է:
Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով մասնավորաբար վավերացվեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը` Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ֆինանսական աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի` ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող, ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած հայազգի քաղաքացիներին: Ծրագրի շրջանակներում «Տաշիր» բարեգործական ընկերությունը նախատեսել է տրամադրել  120.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, քանի որ հիմնադրամը շատ է կարեւորում  կրթության դերը երիտասարդների համար: Այս մասին իր խոսքում նշեց նաեւ  «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը. «Հիմնադրամը մեծապես կարեւորում է կրթության դերը եւ մարդկային ռեսուրսի ակտիվացումը մեր երկրի զարգացման եւ կայացման գործում»: Նա նաեւ հավելեց, որ հիմնադրամը վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, որոնցով էական օգնություն է հատկացրել հասարակության` աջակցության կարիք ունեցող տարբեր շերտերին:
Վերոնշյալ հուշագրով նախատեսվում է նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել  ոչ միայն ՀՀ, ԼՂՀ եւ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի բուհերին, այլեւ հանրակրթական ուսումնական հաստատությունների լավագույն ուսուցիչներին:
Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց «Տաշիր»  բարեգործական հիմնադրամին` ի դեմս Սամվել եւ Կարեն Կարապետյանների: Նախարարը հիմնադրամի տնօրենին վստահեցրեց, որ ուսանողներին կրթաթոշակ կհատկացվի թափանցիկ եւ օբյեկտիվ կերպով: Անդրադառնալով հուշագրի կարեւորությանը` նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Սա նոր համագործակցությունների հիմքեր է ստեղծում: Այս նախաձեռնության մեջ չկա ոչ մի քաղաքական քայլ»:
Հավելենք նաեւ, որ «Տաշիր» հիմնադրամի ղեկավարներ Սամվել եւ Կարեն Կարապետյանները բարեգործական ակցիաներ են իրականացնում ոչ միայն հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս: Վերջերս ՌԴ առաջին տիկին Սվետլաննա Մեդվեդեւայի կազմակերպած բարեգործական երեկոյի շրջանակներում «Տաշիր» հիմնադրամը Մոսկվայի կենտրոնում կառուցվող եկեղեցու շինարարությանն օժանդակելու նպատակով 5 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել:

R




Լրահոս