«ՍԹԱՐ»-Ի ԱՆԱԿՆԿԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սթար» սուպերմարկետների ցանցն իրեն ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել է անակնկալ` նոր պայմանագրեր` դրանցում զետեղված հետաքրքիր կետերով:  Ըստ նոր փաստաթղթերի` նախատեսվում են բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների` շուկայից դուրս մղմանը:
«Սթար» սուպերմարկետների ցանցը հունվար ամսին մատակարարներին խնդրել էր մինչեւ ս.թ. փետրվարի 6-ը ներկայացնել ապրանքատեսականու ցանկը եւ գները, ինչպես նաեւ այս տարվա պլանները:  Ըստ «Սթար»-ի որոշման` մատակարարների հետ տարին երկու անգամ` փետրվար եւ հուլիս ամիսներին, տեղի են ունենալու հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են ընդհանուր համագործակցության պայմանները, ապրանքատեսականին, դասավորվածությունը, գները եւ այլ կետեր, որոնք զետեղված են փաստաթղթում: Այսինքն` կարելի է եզրակացնել, որ «Սթար»-ը ցանկացած պահի, ըստ իր քմահաճույքի, կարող է նոր կետեր մտցնել մատակարարման գլխավոր պայմանագրում: Այս կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Սթար» սուպերմարկետների ցանցի տնօրենից, սակայն նա մեկ շաբաթվա ընթացքում չկարողացավ հինգ րոպե ազատ ժամանակ գտնել եւ պատասխանել մեր հարցերին: Նշենք, որ ըստ ՀՀ տեղեկատվության մասին օրենքի` ընկերությունը պարտավոր էր պատասխանել մեր գրավոր  հարցմանը  հնգօրյա ժամկետում: Իսկ եթե տվյալ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ էր կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը  մեզ պետք է տրամադրվի  դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, ինչի մասին, սակայն, հարցումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, պետք է գրավոր կերպով տեղեկացնեին մեզ` նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը: «Սթար»-ին էլեկտրոնային տարբերակով մեր հարցերն ուղարկել էինք փետրվարի 22-ին, սակայն ի պատասխան մեզ` ամեն օր ասվում էր, որ իրենց տնօրենը զբաղված է եւ երեկոյան ուշ կամ հաջորդ օրը կպատասխանի մեր հարցերին: Ինչեւէ: Վերը նշված փաստաթղթի կետերից մեկն այն է, որ «Սթար»-ի յուրաքանչյուր խանութում ապրանքի վաճառքի տեղ ունենալու համար մատակարարը պետք է վճարի տարեկան 50.000 դրամ ¥նաեւ 10.000 դրամ` յուրաքանչյուր ապրանքատեսակի համար¤` դրան գումարած ամբողջ շրջանառության 6%-ը` չհաշված այլ վճարներ: Մյուս կետի համաձայն` մարքեթինգային բյուջեն ընդգրկում է տարեկան ապրանքաշրջանառության գումարի 3 %-ը տարեկան, իսկ եթե մատակարարը չկարողանա ապահովել սահմանված մարքեթինգային բյուջեի սպառումը, ապա տարվա վերջում պարտավոր է կատարել դրա վճարումը:  
Կարելի է սպասել, որ նոր պայմանագրերին ծանոթանալուց հետո շատերը կդադարեցնեն իրենց համագործակցությունը «Սթար»-ի հետ, քանի որ նման ահռելի գումարներ փոքր շրջանառություն ունեցող մատակարարները դժվար թե կարողանան վճարել:

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս