387 ԶԱՆԳ «ԹԵԺ» 116-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս առաջ Գյումրի ժամանեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը եւ հանդիպեց տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս Անդրեասյանին ներկայացրին, թե հատկապես ինչ խնդիրներով են քաղաքացիները դիմում ՀԿ-ներին, եւ որ ոլորտներում է, որ առավել խոցելի են բնակիչները:
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ծրագրում են գրասենյակներ բացել մարզերում, որպեսզի տեղի բնակիչների համար առավել հեշտ լինի դիմել իրենց եւ ստանալ համապատասխան օգնություն: Շիրակի մարզում ծրագրված էր գրասենյակ հիմնել փետրվարին: Հայտնի է, որ մարզերում այդ նախաձեռնության իրագործման համար օմբուդսմենի գրասենյակը բազմիցս միջոցներ է խնդրել պետությունից, անգամ անհրաժեշտ գումարի չափն է նշվել` 10 մլն դրամ, պետությունը, սակայն, մերժել է: Ուստի  գրասենյակը սկսել է  ֆինանսավորում  փնտրել դոնոր կազմակերպություններից: «Հիմա էլ չեն կարողանում տալ այդ գումարը, բայց մենք կարողացել ենք եվրոպական կառույցների հետ բանակցությունների շնորհիվ միջոցներ հայթայթել, եւ շուտով գրասենյակը կբացվի»,-Գյումրի այցի ժամանակ նշել էր Անդրեասյանը:
 Անցել են ամիսներ, սակայն գրասենյակը դեռեւս չկա: Այնուամենայնիվ, ՄԻՊ աշխատակազմից  տեղեկացնում են, որ մարտ ամսին հանրապետության տարբեր մարզերում բացվելու է 6 գրասենյակ: Սակայն մինչ Կարեն Անդրեասյանը մտածում է այդ ուղղությամբ, Գյումրու ՀԿ սեկտորը բարձրաձայնում է նրա կատարյալ անգործության մասին: Կառույցը որեւէ առումով չի արդարացնում իրեն, անգամ թեժ գիծը, որի մասին բարձրաձայնում էր օմբուդսմենը, չի աշխատում: «Երեխաների հասարակություն» ՄՁԱԿ ՀԿ նախագահ Արա Սուքիասյանը հաշվել ու մտապահել է, թե քանի անգամ է հավաքել 116 համարը: «387 անգամ զանգել եմ, 387-րդ անգամ նոր պատասխանեցին: Պարզվեց` չէր գործում մինչեւ էդ: Երբ պատասխանեցին, ներկայացրի խնդիրը` կապված զորակոչի հետ, ինձ փոխանցեցին, թե զանգեք ՊՆ թեժ գիծ: Սա էր իրավունքների պաշտպանի գործը»:
«Արաքս» ՀԿ ներկայացուցիչները եւս  խոսում են գրասենյակի անգործության մասին: Բազմաթիվ խնդիրների տրցակը ձեռքի տակ` երկար են սպասել, թե երբ է գալու օմբուդսմենը, որպեսզի նրան ներկայացնեն մարդու իրավունքների խախտման  դեպքերը, սակայն  ապարդյուն: «Երբ հանդիպում էր կազմակերպվել Գյումրիում, մեր կազմակերպության նախագահն առանձնացրել էր հատկապես երկու շահառուի խնդիր, եւ անհրաժեշտ էր, որ դրանց անձամբ ծանոթանա մարդու իրավունքների պաշտպանը, սակայն ե՛ւ նրա օգնականը, ե՛ւ պաշտպանը պատասխանեցին, որ իրենք չեն կարող ծանոթանալ դրանց, քանի որ հոգնած են: Ճիշտն ասած` դա մեզ` որպես ՀԿ ներկայացուցիչների, շատ զարմացրեց,-նշեց կազմակերպության ներկայացուցիչ Նինա Խաչատրյանը եւ նկատեց,-եթե 1-2 ժամյա հանդիպումից հետո պաշտպանն այնքան է հոգնում, որ չի կարողանում մի երկու հարցի պատասխանել, ուրեմն ամբողջ օրը` ասենք 5-6 ժամ աշխատելուց հետո, իրեն դժվար կլինի ինչ-որ հարցի լուրջ մոտենալ: Դա իսկապես մտածելու տեղիք է տալիս»:
ՀԿ ներկայացուցիչների խոսքերով, երբ ՄԻՊ-ն  իր աշխատակիցներով եկել է Գյումրի, իրենք նկատել են, որ վերջինիս անձնակազմը բավականին ստվարացել է, ինչից ենթադրել են, որ դա լավ աշխատանքի գրավական կարող է լինել, սակայն չարաչար սխալվել են: «Թվում է, թե իրար մեջ պետք է բաժանեին, թե որ տարածաշրջանը ով պետք է սպասարկի, բայց այդպես չէր: Շատ ավելի լավ կլիներ, որ էդ միջոցները, որոնք գրանտի տեսքով հատկացված էին ստվարացնելու ՄԻՊ գրասենյակի աշխատողների թիվը մայրաքաղաքում, հատկացվեին մարզերին»,-ասում է Արա Սուքիասյանը:
Իհարկե ոչ 387 անգամ, բայց մենք եւս փորձեցինք զանգահարել 116 «թեժ» գծին, սակայն արձագանքը հետեւյալն էր` «ձեր հավաքած համարը գոյություն չունի»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս