ՓՈՂԵՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրություններում հաղթեց  Վարդան Ղալումյանը: Դեկտեմբերի 22-ից  նորընտիր քաղաքապետը փորձում էր անցնել իր պարտականությունների կատարմանը, սակայն խոչընդոտների էր հանդիպում: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը համարում էր, որ ինքը մինչեւ 2011թ. դեկտեմբերի 24-ը պետք է պաշտոնավարի, քանզի 2007թ. դեկտեմբերի 16-ին կայացած Իջեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից հետո նա իր առաջին աշխատանքային օրը համարել է դեկտեմբերի 24-ը եւ այդ օրն է  իրեն աշխատանքի  ընդունելու հրաման տվել: Վարուժան Ներսիսյանի տրամաբանությամբ` ինքը 4 տարի` մինչեւ 2011թ. դեկտեմբերի 24-ը, պիտի պաշտոնավարեր: Եւ նա հասավ իր նպատակին, չնայած ձեռնարկած բազմաթիվ քայլերին` Վարդան Ղալումյանը կարողացավ իր պարտականությունների կատարմանն  անցնել միայն  երկուշաբթի օրը` դեկտեմբերի 26-ին: Մինչ այդ` դեկտեմբերի 22-ին, Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը, պատասխանելով մարզպետ Արմեն Ղուլարյանի նույն օրվա հարցում-գրությանը, մարզպետին տեղեկացրել է, որ ՏԻՄ օրենքի 7-րդ հոդվածով արտահերթ ընտրություններով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Իջեւան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները կայացել էին 2007թ. դեկտեմբերի 16-ին, դրա արդյունքները հրապարակվել են դեկտեմբերի 20-ին, դրանց համաձայն` Իջեւան համայնքի ղեկավար էր ընտրվել Վարուժան Ներսիսյանը: ՏԻՄ օրենքով` նա պետք է իր պաշտոնը ստանձներ 2007թ. դեկտեմբերի 21-ին: Աիդա Սարգսյանը մարզպետին տեղեկացրել է նաեւ, որ ՏԻՄ օրենքի նույն` 7-րդ հոդվածով հերթական ընտրություններով ընտրված համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնում է ոչ շուտ, քան համայնքի նախորդ ղեկավարի լիազորությունների ավարտման հաջորդ օրը: Այսինքն` Վարուժան Ներսիսյանի լիազորությունները պետք է դադարեցվեին 2011թ. դեկտեմբերի 21-ին, իսկ հաջորդ օրը` դեկտեմբերի 22-ին, Վարդան Ղալումյանը պիտի իր լիազորությունները ստանձներ: Իջեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ Վարուժան Ներսիսյանը 2011թ. դեկտեմբերի 22-ին (երբ նրա լիազորությունները պիտի դադարեցված լինեին) դրամական 4 խոշոր փոխանցումներ է կատարել` 6 միլիոն 112 հազար, 1 միլիոն 200 հազար, 560 հազար եւ 413 հազար դրամի չափով: Այդ գումարները փոխանցվել են մասնավոր ընկերությունների` Իջեւան քաղաքի Իջեւանյան եւ Ասլանյան փողոցների եւ մայթերի նորոգման, այդ աշխատանքների տեխնիկական հսկողության, քաղաքի փողոցների լուսավորության համար: Արդեն տեղեկացրել ենք, որ ձմռան ցրտին Իջեւանում փողոցների սալիկապատում եւ ասֆալտապատում էր կատարվում: Այդ աշխատանքների որակի մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս