«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հիշում եք՝ հունիսի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն հրաժարվում է Արցախի սահմանին մոնիթորինգ իրականացնել, քանի որ այն վտանգավոր է իրենց թիմի անդամների կյանքի համար:
Այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա անկանխատեսելի իրավիճակն անհանգստացրել էր նաեւ ԵԱՀԿ ներկայացուցչին: Ու փոխանակ այս ազդակին ականջալուր լինելու, երեկ ՀՀ-ում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Ներկայում շատ աննշան առաջընթաց կա բանակցություններում»:
Թե ինչ առաջընթացի մասին է խոսում դեսպան Հեֆֆերնը, դժվար է ասել, որովհետեւ հրադադարի ռեժիմի խախտումները դարձել են սովորական երեւույթ, ադրբեջանական դիպուկահարները կրակում են ե՛ւ ԼՂՀ-ի, ե՛ւ ՀՀ-ի սահմանի ողջ երկայնքով: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում են գրեթե պատերազմական դրության պայմաններում. արդեն տուժում են խաղաղ բնակիչները:
Սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փոխանակ կատարվածին գնահատական տալու, խոսում է ինչ-որ առաջընթացի մասին՝ թերեւս հետ չմնալով իր գործընկերոջից՝ ՌԴ դեսպան Վոլինկինից, ով Նախիջեւանի սահմանին տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ ջայլամի պահվածք էր ընդունել, թե ինքը ոչնչից տեղյակ չէ:
Դե իհարկե, Մոսկվան ավելի կարեւոր հարցեր ունի Հայաստանում լուծելու, քան ՀՀ քաղաքացիների անվտանգությունը: Մեզ մնում է հիշատակել Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքերն այն մասին, որ «եթե մարդ կա, որ չի լսում կրակոցները, անձամբ կարող եմ ուղեկցել, որ ոչ թե միայն լսի, այլեւ տեսնի: Մնում է՝ աչքեր ու ականջներ ունենան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: