ՀԱՐՑ. Ամեն տարվա «ավանդույթը» խախտելով` այս տարի` Ամանորից առաջ, դոլարն այդպես էլ չէժանացավ: Կարծես թե կանխատեսելով արտարժույթի շուկայի զարգացումները` բանկերն ավանդների դիմաց վճարվող տոկոսադրույքը միայն դրամով ներդրվող գումարների դիմաց բարձրացրին: Արդյո՞ք մասնավոր բանկերին հաջողվել էր կանխատեսել դոլարի կայունացումն ու արժեւորումը (այն դեպքում, երբ նույնիսկ ԿԲ-ն էր խուսափում արտարժույթի շուկայի վերաբերյալ կանխատեսումներից) եւ արդյո՞ք առաջիկա ամիսներին դրամի արժեզրկման վտանգ չկա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես գիտեք, Հայաստանը որդեգրել է ՀՀ դրամի փոխարժեքի լողացող ռեժիմ, որը ենթադրում է շուկայական տարբեր գործոնների ազդեցության ներքո արտարժույթի նկատմամբ առաջարկի եւ պահանջարկի փոփոխություններ, որոնք էլ հանգեցնում են կարճաժամկետ հատվածում ՀՀ դրամի փոխարժեքի տատանումների` ինչպես արժեզրկման, այնպես էլ արժեւորման ուղղությամբ: Սա նշանակում է, որ դրամի փոխարժեքի` առաջիկա ամիսների զարգացումները եւս կպայմանավորվեն այն ձեւավորող շուկայական տարաբնույթ գործոններից մեկի կամ մյուսի գերակայությամբ:
Ինչ վերաբերում է առեւտրային բանկերին, ապա վերջիններս, հանդիսանալով արժութային շուկայի ակտիվ մասնակիցներ, բնականաբար, ինչպես եւ ամբողջ աշխարհում, ունեն սեփական գնահատականներն արժութային փոխարժեքի սպասվող զարգացումների վերաբերյալ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն դեպքն է, երբ արժե կիսել բանկերի կայացած լինելու մասին տեսակետը, քանի որ ֆինանսական կառույցներն արտարժույթի շուկայի զարգացումներն այնքան լիարժեք են կանխատեսել, որ վերջիններիս շահույթների կանոնավոր հոսքն առանց ընդհատվելու լինի` նույնիսկ դրամի արժեզրկման պայմաններում: Կարելի է կարծել, որ բանկերի առաջարկներին հետեւելով` հնարավոր է ունենալ նույնիսկ հաջորդող ամիսներին արտարժույթի շուկայում տեղի ունենալիք զարգացումների մոտավոր պատկերը: