ՀԱՐՑ. Ցանկանում եմ փոստի միջոցով փոքրիկ ծանրոց ուղարկել ՌԴ` Մոսկվա: Հետաքրքիր է իմանալ, թե ինչքան պետք է վճարեմ մեկ կիլոգրամի համար, այն մոտավորապես ինչքա՞ն ժամանակում տեղ կհասնի: Արտերկիր ուղարկելու համար սակագները նո՞ւյնն են: Եւ ընդհանրապես, ծանրոցի կորչելու դեպքում ո՞ւր եւ ո՞ւմ պիտի դիմենք, դրա դիմաց փոխհատուցում կլինի՞:
ՊԱՏԱՍԽԱՆ. Փոքր կապոց ուղարկելու դեպքում մինչեւ մեկ կիլոգրամը 3700 դրամ է՝ դրան գումարած 1100 դրամ պատվերի համար, իսկ կոնկրետ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեպքում, քանի որ դեկլարացիա է լրացվում, անհրաժեշտ է վճարել հավելյալ 2550 դրամ, իսկ մինչեւ երկու կգ փաթեթը` 6200 դրամ` դրան գումարած 1100 դրամ: Ծանրոց ուղարկելու համար միայն Ռուսաստանի դեպքում, անկախ քաշից, վճարում են 6890 դրամ, եւ յուրաքանչյուր կիլոգրամի համար 1930 դրամ: Եթե, օրինակ, ուղարկվի հինգկիլոգրամանոց ծանրոց, ապա 1930 դրամը պետք է բազմապատկել 5-ով եւ դրան գումարած ֆիքսված 6890 դրամը: Ուղարկելու երրորդ օրն արդեն կապոցը, ծանրոցը մտնում է ՌԴ` Մոսկվա, բայց այնտեղ մի քանի օր ձգձգվում է, դա իրենց ներքին կանոնակարգի հարցն է, քանի որ ուղարկվում են տարբեր բաժանմունքներ, այնտեղից էլ նոր միայն հասցեատիրոջը:
«Հայփոստ» ՓԲԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայությունն, իհարկե, մատչելի չես համարի, բայց անհրաժեշտության դեպքում մարդիկ կօգտվեն «Հայփոստ»-ի` ծանրոցներ առաքելու գործառույթից: Այստեղ, սակայն, կարեւոր մի նրբություն կա. ծանրոցները պետք է ամբողջ պարունակությամբ եւ առանց վնասվելու հասցեատիրոջը հասնեն: Ասվածը բնավ էլ պատահական չէ, քանի որ ոչ վաղ անցյալում նման կապոցները կանոնավորապես «զտվում» էին այս կառույցի աշխատակիցների կողմից: