Լարված իրավիճակը Վարդենիսում շարունակվում է: Armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ բնակչներն այսօր կրկին փակել են ճանապարհը և հանդիպում են պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հուզված և բորբոքված վարդենիսցիների հետ է նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Գեղարքունիքի մարզպետարանը միակ կառույցն է, որ երեկվանից արել է հնարավորը վարդենիսցիներին առայժմ հոգեբանորեն աջակցելու, իսկ ավելի ուշ մարդկանց կրած խոշոր նյութական կորուստները փոխհատուցելու համար:
Ռաֆիկ Գրիգորյանի անմիջական ներկայությունը, սակայն, վարդենիսցիներին չի գոհացնում, քանի դեռ ավելի վերին ատյաններից ավերածությունների հետևանքները վերականգնելու ուղղությամբ գործնական հավաստի արդյունքներ չեն ստացվել:
Այս պահին Ռաֆիկ Գրիգորյանը շրջում է քամուց ավերված տներում բնության տարերքի հետևանքներին առարկայորեն ծանոթանալու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորիկի պատճառով մի քանի տասնյակի հասնող տներ ուղղակիորեն վերածվել էին փլատակների:
Հավելենք, որ երեկ օրվա ընթացքում Վարդենիսի բնակիչները փակել էին Վարդենիս մտնող ճանապարհը և պահանջում էին, որ կառավարության անդամները գան իրենց օգնություն ցուցաբերեն կամ ասեն, թե ինչ է լինելու հետագայում: Նրանք պահանջում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: