Ինչպես ընտրել մասնագիտական ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այս տարվա շրջանավարտները եւ առողջապահական ոլորտի տարբեր սերնդի առաջատար մասնագետները հանդիպեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Ներկայացնելով հանդիպման հիմնական նպատակը` ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում:

Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»: Ողջունելով մասնակիցներին, այդ թվում` իր ուսուցիչներին, ավագ եւ երիտասարդ գործընկերներին, Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիպման հիմնական նպատակն է բժշկական համալսարանն ավարտող շրջանավարտներին ներկայացնել ընտրության լայն հնարավորությունները: «Ես կցանկանայի, որ շատ ակեղծ քննարկում ծավալենք, կիսվենք մեր անհանգտություններով, մտահոգություններով, որոնք սովորաբար ծառանում են մասնագիտական ընտրություն կատարելիս: Ես պետք է հիշատակեմ ականավոր բժիշկների, բժշկապետերի, պրոֆեսորների անուններ` ներողամտություն հայցելով, եթե չեմ ներառել բոլոր իմ ուսուցիչներին»,- ասաց նախարարը` խոստովանելով, որ հարազատ բուհում հանդիպմանը խիստ պատասխանատվությամբ է պատրաստվել, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր բժշկի կյանքում մասնագիտության ընտրությունը երկրորդ կարեւոր որոշումն է` ընտանիք կազմելուց հետո։

Նա ներկայացրեց բոլոր այն ուղիները, որոնք այսօր բաց են ԵՊԲՀ-ի շրջանավարտների առաջ: Առանձին-առանձին անդրադարձավ առողջապահության կազմակերպիչ, բժիշկ-տեսաբան եւ պրակտիկ-բժիշկ դառնալու հնարավորություններին ու հեռանկարներին: Նախարարն առանձնակի շետադրեց շրջանավարտների ուսումն ավարտելուց հետո մարզեր ուղեգրվելու եւ այնտեղ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու լայն հնարավորությունը:

«Մարզերում որակյալ մասնագետների` մասնավորապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մեծ պահանջարկ կա: Պետք է նշեմ, որ մարզային ենթակայության շատ հիվանդանոցներ նյութատեխնիկական իրենց հագեցվածությամբ, արդիական սարքավորումներով այսօր չեն զիջում Երեւանի բժշկական կենտրոններին»,-ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ մարզային իշխանությունների հետ բանակցային աշխատանքներ են տարվում մարզ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների համար ինչպես ֆինանսական, այնպես էլ բնակարանային ու կենցաղային բավարար պայմաններով ապահովելու ուղղությամբ:

Նաեւ տեղեկացրեց, որ մարզում աշխատող երիտասարդ մասնագետների համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջիկայում արտերկրում մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն Արմեն Մուրադյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար կձեւավորվի այնպիսի մոտեցում, համաձայն որի մարզային բժշկական հաստատություններ ուղեգրվելը մասնագիտական լուրջ փորձ ձեռք բերելու եւ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հրաշալի հնարավորություն է:

Ոլորտի ղեկավարը շրջաավարտներին հորդորեց առաջին հերթին առաջնորդվել մարդկանց անշահախնդիր օգնելու, ապաքինելու մեծ ցակությամբ: Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր մասնագիտություն պետք է ընտրել պատասխանատվության բարձր զգացումով: Որպես բժիշկ, վիրաբույժ եւ առողջապահության կազմակերպիչ կայացման գործում Արմեն Մուրադյանն առանձնակի կարեւորեց իր ուսուցիչների դերը, ովքեր մշտապես սատարել են մասնագիտական առաջին քայլերը Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններ ուղղեց հանդիպմանը ներկա առողջապահական

ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներին` Յուրի Զոհրաբյանին, Հայրապետ Գալստյանին, Ռաֆայել Գրիգորյանին եւ ուրիշների, ինչպես նաեւ ավելի երիտասարդ մասնագետներին, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն ոլորտի զարգացման եւ կայացման գործում: Նա ուսանողներին հորդորեց բաց չթողնել իրենց գործի գիտակ, ականավոր բժիշկների հետ շփվելու, նրանց աշակերտելու հրաշալի հնարավորությունը:

Արմեն Մուրադյանը ներկայացրեց նաեւ աշխարհում եւ մեզանում հայտնի թրուենտների (մասնագիտությամբ բժիշկ, բայց մասնագիտությամբ չաշխատող), ովքեր իրենց հաջողությամբ դրսեւորել են գրականության, արվեստի, քաղաքականության, երգարվեստի, լրագրության եւ շատ այլ ոլորտերում:

Նախարարը պատասխանեց ինչպես ուսանողներին, այնպես էլ` պրոֆեսորադասախոսական կազմին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին կրթական, հետբուհական համակարգին, բժիշկների իրավունքներին եւ այլ հարցերին:

Լսարանի ուշադրությունից անմասն չմնաց Մարիտիրոս Սարյանի «Հայրենիք» նկարով եւ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ ավարտվող սլայդը, որի ընտրությունը նույնպես պատահական չէր: Այն խորհրդանշում էր հայրենիքում ապրելու, աշխատելու, կայանալու եւ մեր երկրի տարբեր ոլորտները զարգացնելու գաղափարը:




Լրահոս