ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդես է եկել հերթական հարցազրույցով, որն ավելի շատ հիշեցնում է արմատական ընդդիմադիր գործչի հայտարարություն:
Այս անգամ Քոչարյանն անդրադարձել է «Որոտանի կասկադ» ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման գործարքին, երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափերի վերանայմանը, կարմիր գծերին, ինչպես նաեւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին եւ ընդդիմությանն առավել ուժեղ վերահսկողական լծակների տրամադրմանը:
Նշենք, որ այս խնդիրներին անդրադառնալու` Քոչարյանի մտադրության մասին նրա գրասենյակը հայտարարել էր դեռ ամիսներ առաջ` նախկին վարչապետ Տ. Սարգսյանի հետ լեզվակռվի շրջանակներում: Ուշագրավ էր, որ ոչ իշխանական Քառյակն իր տասներկու կետանոց պահանջագրում մեկ առ մեկ զետեղել էր հենց այս խնդիրները ( թեեւ` առկա էին շատ ավելի կարեւոր եւ ոչ կենցաղային հարցեր): Եվ այն, որ միայն այդ պահանջագրի հրապարակումից եւ իշխանությունների կողմից բավականին նորմալ ընդունվելուց հետո է Քոչարյանը կոշտ ձեւակերպումներով արտահայտում իր տեսակետը նշված հարցերի շուրջ, բնականաբար, պատահական չէ:
Այդպիսով` նա նախ ընդգծում է իր առնչությունը 12 կետանոց պահանջագրի զգալի մասին, ապաեւ` հստակեցնում այն սահմանագիծը, որի շրջանակներում կարող է հանգուցալուծվել քառյակ-իշխանություն պահանջագրային այս գործընթացը: Եվ հիմա շատ ավելի մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ եթե անգամ այս պահին Քոչարյանը չի ցանկանում վերադառնալ՝ ապա միայն այն պատճառով, որ իր դիրքերը բավականաչափ ուժեղ չեն: Սակայն վերադառնալու քաղաքական որոշումը նա իր մեջ արդեն կայացրել է, եւ հիմա ընդամենը սպասում է նպաստավոր իրավիճակի:
Ինչ վերաբերում է այս հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած գնահատականներին` ապա դրանք գրեթե հարյուր տոկոսով արդարացի են, սակայն ինչպես եւ նրա բոլոր հայտարարությունները գնահատելու դեպքում` դարձյալ բախվում ենք հարցին. իսկ ո՞վ է ասողը: Եվ այդ դեպքում վերստին տեղի է ունենում ասվածի րոպեական արժեզրկում. Որոտանի խնդրահարույց գործարքի կողքին հիշում ենք ՀՀ ողջ էներգետիկ համակարգի նվիրաբերումը ռուսներին, 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցում` Քոչարյանի կողմից մի քանի անգամ դրված «վետո»-ն: Իսկ «ներկուսակցական ժողովրդավարության եւ ինքնաառողջացման ավանդույթների ձեւավորման» անհրաժեշտության մասին հայտարարություններից հետո էլ անմիջապես հիշում ենք ՀՀ երկրորդ նախագահի խոստովանությունն այն մասին, որ ինքն անձամբ է կազմել հանրապետականների նախընտրական համամասնական ցուցակները:
Հ.Գ. ՀՀ երկրորդ նախագահն այնքան հաճախակի է սկսել «հարցազրույցներ» տալ, որ նրա գրասենյակը չի հասցնում դրանք հավուր պատշաճի խմբագրել եւ սեփական կայքում մատուցել առանց ուղղագրական սխալների: Անգամ` եթե դրանք գրավոր են:
ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀՈՒՅՍՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ