ՉԻ ԲԱՐԿԱՆԱ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիր: Բանն այն է, որ նախկին նախարարն իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում: Անգամ նշվում է, որ Ա. Հարությունյանն իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են աշխատանքի ժամերին` ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան, ոչինիչ, չի բարկանալու դրա համար: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ներկայիս մարզպետից, թե արդյոք նույն ճակատագիրը չի՞ սպասվում մարզպետարանի աշխատակիցներին, սակայն վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: «Ժողովուրդ»-ը փորձեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանից ճշտել արդյոք մարզպետն իրենց նման խնդրանքով դիմել է, թե ոչ: Մեր զրուցակիցն ասաց, որ Ա. Հարությունյանին վերաբերող հարցերն ուղղենք նրան:
ՍԱՐԳՍՅԱՆ ԶՈՒՅԳԸ՝ ՊԱՏԱՐԱԳԻՆ
Կիրակի օրը Սերժ Սարգսյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել է Սուրբ Էջմիածնի տոնին մատուցված պատարագին: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնել են իր լավատեղյակ աղբյուրները: Սուրբ պատարագը մատուցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ս. Սարգսյանին բացի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից, այլ պաշտոնյաներ չեն ուղեկցել: Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը «շփվել» է միայն ՀՀ նախկին վարչապետի հետ ու պատարագի ողջ ընթացքում նրանք միմյանց հետ են եղել: Տպավորությունն այնպիսին է, կարծես թե Ս. Սարգսյանը մոռացել է, որ ՀՀ վարչապետին «փոխել» է, քանի որ նման միջոցառումների ժամանակ Ս. Սարգսյանին ուղեկցում է ոչ թե ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանն, այլ նախկին վարչապետը: Վերջերս էլ Ս. Սարգսյանը Արցախի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ԼՂՀ էր գնացել կրկին Տ. Սարգսյանի ընկերակցությամբ: