ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՆՈՐԴ ՉԿԱ

Հունիսի 17-ին, երրորդ անգամ աճուրդի հանված Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը դեռ գնորդ չունի: Համալիրի աճուրդի ավարտին մնացել է ընդամենր երկու օր: Այս անգամ աճուրդի մեկնարկային գինը կազմում է մոտ 15 մլրդ 673 մլն դրամ: Համալիրն աճուրդի առաջին անգամ հանվեց մայիսի 19-ին, ապա՝ հունիսի 2-ին: Երկու դեպքում էլ աճուրդը չէր կայացել, քանի որ գնորդ չկար: Մինչդեռ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ապօրինի կերպով է աճուրդի հանել Մարզահամերգային համալիրը: Հիշեցնենք, որ ընկերությունը մոտ 10 միլիարդ 200 միլիոն դրամ է պարտք ՀՀ կառավարությանը: Գործը մտել է դատարան, որը կառավարության պահանջով փակ է եղել եւ Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել ընկերությանը պատկանող Մարզահամերգային համալիրի վաճառքի միջոցով մարել նշված պարտքը: Սակայն ընկերությունն իր հերթին է դիմել դատարան՝ համալիրը գրավից հանելու եւ համալիրի նկատմամբ դատարանի սահմանած արգելանքը վերացնելու հայցով, եւ դատական այս գործընթացը դեռ չավարտված ` ԴԱՀԿ-ը համալիրը ներկայացրել է աճուրդի:

ՀՀԿ-Ի «ԲԱԶԵՆ»

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում, հիմնականում երիտհանրապետականների համար անցկացվելու է «Բազե-2014» ամենամյա միջոցառումը: Իսկ դա, բնականաբար, կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների հաշվին: Նշենք, որ տարեկան այդ միջոցառումների վրա ՀՀ պետական բյուջեից ծախսվում է 65-57 մլն դրամ՝ կամ 15-20 հազար ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ ամեն անգամ, երբ ոչ իշխանական խմբակցություններն օրենքի որեւէ նախագիծ են ներկայացնում այս կամ այն ոլորտին մի փոքր հարկային արտոնություն տալու համար, կամ առաջարկ են ներկայացնում բյուջեով որեւէ ոլորտի հատկացված գումարները մի փոքր ավելացնելու՝ կառավարությունը միանգամից սկսում է «լացել», թե՝ բյուջեում փող չկա: Այնինչ՝ նման միջոցառումների համար բյուջեում ոչ միայն փող կա, այլեւ՝ շատ-շատ կա:

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է

Հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Իսկ ավելի ուշ զինվորի մահվան գործով ձերբակալվել էր նույն զորամասի սերժանտը: Նշենք, որ մահացած զինվորի հարազատները հայտնել էին, թե տղայի մարմնի վրա առկա են եղել կապտուկներ: Հարցն այն է, որ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե Գրիշա Խաչատրյանը նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով:




Լրահոս