ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ

Հունիսի 20-22-ը ՀՀ դատախազության պատվիրակությունը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ այցելել է Արցախ, հանդիպումներ ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, համատեղ աշխատանքային նիստ գումարել ԼՂՀ գլխավոր դատախազությունում: Հունիսի 21-ին, ՀՀ եւ ԼՂՀ գլխավոր դատախազները, պատվիրակության անդամները, այցելել են մարտական հենակետեր: Գեւորգ Կոստանյանը, զրուցելով մարտական հերթափոխի անձնակազմի հետ, նշել է. «Ամենակարեւոր գործը դուք եք մատուցում, տղերք: Ամեն մի դատախազ, որը կգա կտեսնի, պետք ա հասկանա եւ կհասկանա մի կարեւոր հանգամանք, որ մենք բոլորս՝ ես, ինձնից սկսած եւ բոլորը, դատախազ ենք խաղաղ պայմաններում, հանկարծ պատերազմ լինի, ինձնից սկսած բոլորը իրենց զենքը վերցնում են եւ գալիս կանգնում են հայ զինվորի կողքը՝ առաջնագծում»:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԷԹԻԿԱՆ

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի պատրաստվում վարույթ հարուցել «Դեմ եմ» քաղաքացիական ակտիվիստներին հայհոյած Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը, քանի որ պատգամավորների էթիկայով իրենք չեն զբաղվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Արեգ Շուշյանը: Նրա փոխանցմամբ՝ պատգամավորների էթիկայի հարցով զբաղվում է Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը, հետեւաբար վարույթ հարուցելու մասին խոսք լինել չի կարող: Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ մի դիմում չեն ստացել:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՆՈՒՄ Է ԱՐՑԱԽ

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այնուհետեւ տեղի կունենա Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների ընդլայնված կազմով հանդիպումը, որում կքննարկվեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր:

Ի. ԶԱՔԱՐՅԱՆԸ ՀԱԱԳԱՅՈՒՄ

Նիդեռլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության (ԵՎՐՈՍԱԻ) 9-րդ հնգօրյա համագումարին:Համագումարում շեշտվել է, որ միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը: Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաեւ Հայաստանի դեսպանություն, որտեղ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր:




Լրահոս