ՌԴ-Ն՝ ԼՂ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով երեկ Երեւանում էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մեկ օր առաջ, կրկին պաշտոնական այցի շրջանակներում, նա գտնվում էր Բաքվում, որտեղից միանգամից եկել էր Հայաստան:

Ղարաբաղի նախշուն բաջի
«Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Լավրովի այցի հիմնական առանցքում եղել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ե՛վ Բաքվում, ե՛ւ Երեւանում նա լայնորեն շոշափել է հենց այդ խնդիրը՝ համոզելով շարունակել բանակցություններն ու հասնել համաձայնության: Նույն աղբյուրների պնդմամբ՝ սահմանին հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներից հետո, ՌԴ-ն մտահոգված է պատերազմի վերսկսման հավանականությամբ: Համենայնդեպս, այս պահին ՌԴ-ն պատրաստ չէ նոր ճակատի բացվելուն, մինչդեռ ԼՂ խնդրում տիրող անորոշությունն ու անհուսությունը տանում է դրան:
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, թե ՌԴ-ն կողմ է ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորմանը: «Մենք ելնում ենք նրանից, որ խնդիրների լուծման բազա կա, խնդրի կարգավորման սկզբունքները արձանագրված են նախագահների հայտարարությունում: Ամենագլխավորն այդ սկզբունքների իրականացման չափանիշները համաձայնեցնելն է եւ քայլերին հետեւելը,-հայտարարել է նա՝ հավելելով,-Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կձգտի նրան, որ շարունակվի ուղիղ երկխոսությունը երկու նախագահների միջեւ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Նրանք անդրադարձել են ԼՂ խնդրին, եւ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՌԴ-ն հաստատել է իր պատրաստակամությունը՝ ամեն կերպ աջակցել ԼՂ խնդրի լուծմանը: Ռուսական վերլուծական շրջանակները երեկ պնդում էին՝ հնարավոր է առաջիկայում ՌԴ-ն հանդես գա ԼՂ խնդրի կարգավորման նոր նախաձեռնությամբ: Թե ինչի մասին է խոսքը, առայժմ չի մանրամասնվում:
Աղա ջան, կկուն կանչեց
Չնայած Սերժ Սարգսյանն Աստանայում Եվրասիական տնտեսական միության նիստի ժամանակ խնդրեց «հաստատել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը», այսօր ակնհայտ է, որ այդ գործընթացը դեռ շատ կձգձգվի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարեց, թե այս առումով մինչեւ հուլիսի 3-ը որեւէ փաստաթղթի ստորագրում տեղի չի ունենա: Սակայն, մյուս կողմից, հայտնի չէ՝ արդյո՞ք ամռան ընթացքում կստորագրվի որեւէ փաստաթուղթ: Լավրովը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իրենք Էդվարդ Նալբանդյանի հետ արդեն քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Լավրովն ասել է, թե «այսօր (նկատի ուներ երեկ- Ա.Գ.) լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»: Միայն թե, Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը լավ լուրերի փոխարեն, ընդհակառակը, խոսել է այդ կառույցին ՀՀ անդամակցության խոչընդոտների մասին: «Եթե Հայաստանը հաջող կերպով միանա մեր ձեւաչափին, ստորագրի համաձայնագիրը եւ այն վավերացվի, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ»,- ասել է նա: Շուվալովի խոսքերով՝ դառնալով ԵՏՄ անդամ, Հայաստանն անցնելու է միության տարածքում գործող ավելի բարձր մաքսատուրքերի, մինչդեռ 2003-ից ԱՀԿ անդամությունից ի վեր, Հայաստանը պարտավորվել է կիրառել եւ կիրառում է ցածր մաքսատուրքեր: «Դա կտարբերվի այն պարտավորություններից, որը Հայաստանն իր վրա վերցրել է ԱՀԿ-ի շրջանակներում: Քանզի Հայաստանի առեւտրային գործընկերների համար իրավիճակը փոխվում է, կազմակերպության ընթացակարգով Հայաստանը պետք է բանակցություններ սկսի գործընկերների հետ»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է նախապատրաստվի մինչեւ հուլիսի 1-ը:
ԱՀԿ-ի հետ կապված խնդիրը, թերեւս, բավականին լուրջ է. սա նշանակում է, որ մի կողմից՝ Հայաստանը պետք է հետ կանգնի ԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններից, ինչը, մեղմ ասած, անցանկալի երեւույթ է: Մյուս կողմից՝ նման քայլի գնալու դեպքում Հայաստանում կտրուկ գնաճ է սպասվում, այն էլ՝ առաջնային անհրաժեշտության ապրանքների մասով:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ վստահեցնում էին՝ Հայաստանը փորձում է ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ պայմանավորվել, որ առաջնային անհրաժեշտության՝ մոտ 25-30 ապրանքատեսակի վերաբերյալ մաքսատուրքերը շատ բարձր չլինեն, ՀՀ նկատմամբ այդ հարցով կիրառվի այլ մոտեցում, այլապես՝ երկրի ներսում հետեւանքներն անկանխատեսելի կլինեն: Միայն թե՝ այդպես էլ որեւէ համաձայնություն չի կայացել: Դատելով «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններից, ԵՏՄ անդամ երեք երկրներն էլ շահագրգռված չեն շուտափույթ լուծմամբ. որոնք չեն ցանկանում, որ ՀՀ նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք լինի: Մյուս կողմից՝ պաշտոնական Մոսկվան եւս այս պահին ձգձգում է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության խնդիրը, քանի որ ՀՀ-ն Մոսկվայի համար լրացուցիչ բեռ կդառնա, ինչը նշանակում է նոր դոտացիաներ, ֆինանսական նոր բեռ: Այնպես որ, առջեւում անհայտությունն է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս