ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքականությունն էլ սպորտի պես մի բան է։ Անգամ մի քանի ամիս ընդմիջումը զգացնել է տալիս։ Ապացույցը՝ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցն է։ Մեծ քաղաքական թեմաները նրա քաշային կարգն այլեւս բարձրացնել չի կարող»:

Կարեն Ավագյան Facebook

Ընդհանուր առմամբ, քննադատությունները, որոնք հնչում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, անգամ երիտՀՀԿ-ական Կարեն Ավագյանի կողմից, շատ հարցերում տեղին են, սակայն հարցն այն է, թե ով է քննադատողը: Քանի որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարության օրոք նույն Կարեն Ավագյանի համար գրեթե պաշտամունքի առարկա էր, եւ այն ժամանակ ներկայիս երիտհանրապետական պատգամավորը երազում անգամ կվախենար տալ Ռոբերտ Քոչարյանի անունը: Սակայն ժամանակները փոխվում են, եւ մարդիկ բացի փուչիկ պայթեցնելուց, հիմա էլ քաշային կարգերն են պայթեցնում:

 

«Ընդդիմություն լինելն ավելի հեշտ է»:

Շուշան Պետրոսյան Կենտրոն TV

Գուցեեւ ՀՀԿ-ական երգչուհի-պատգամավորը ճիշտ է, եթե նա նկատի ունի այսօրվա մեր ընդդիմության զգալի մասին, ում գործն իրոք որ շատ հեշտ է, քանի որ իրենք իրենց նույնիսկ եռամսյա արձակուրդներ կարող են տալ: Իսկ եթե Շուշան Պետրոսյանը նկատի ունի իսկապես աշխատող ընդդիմություն ասվածին, ապա հարց է առաջանում՝ եթե, ըստ ՀՀԿ-ական երգչուհու՝ ընդդիմություն լինելն այդքան հեշտ է, ապա ինչո՞ւ ինքն ընդդիմություն չի դառնում կամ ինչո՞ւ միանգամից որպես ընդդիմադիր չմտավ քաղաքականություն: Թե՞ միգուցե ընդդիմադիր լինելն այդքան էլ շահավետ չէ, այդ պատճառով էլ Շուշան Պետրոսյանը հանգրվանեց ՀՀԿ-ում:

 

«Ասեմ, որ սրանով նոր հնարավորություն է տրված փոքր բիզնեսին: Ինձ թվում է, որ եթե այսպես շարունակվի, մենք կունենանք մեր երազած պետությունը: Ինքս կանխատեսում էի, որ այսպես կլիներ, բայց իրոք հիացած եմ»:

Սարգիս Թարվերդյան Slaq.am

Հետաքրքիր է, որ փոքր բիզնեսի մասին իբրեւ թե մտահոգվում է մի իշխանամերձ գործարար, ով շատ հեռու է այդ փոքր բիզնեսից եւ ամենախոշոր ընկերություններից մեկի՝ «Սարգիս-Կարոլինա» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է: Իշխանասեր գործարարը նույնիսկ արդեն երազելու կարիք էլ չունի, քանի որ իր երազած պետությունն ինքն արդեն ունի, պետություն, որտեղ խոշորների համար ստեղծված են բոլոր պայմանները, իսկ փոքր ու միջին բիզնեսը անհետացման եզրին է հայտնվել: Հետեւաբար Սարգիս Թարվերդյանն աչքակապությամբ է զբաղվում, երբ գովերգում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանին ու նրա կատարած «բարեփոխումները»:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս