ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳՈՐԾԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ ԴԵՌ ՉԻ ՀԱՆԴԻՊԵԼ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանի որդին` Էդգար Սուքիասյանը, դեռեւս չի հանդիպել հորը:
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին ՀՀ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ Աշոտ Սուքիասյանը, ով օֆշորային սկանդալի գործով ձերբակալվել էր եւ գտնվում էր Վրաստանի ՔԿՀ-ում տեղափոխվել է Հայաստան: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր Աշոտ Սուքիասյանի որդին, երբ իր հայրը գա Հայաստան, բոլորը կիմանան, թե ինչ է կատարվում: Գրել էինք նաեւ, որ 37-ամյա Էդգարն ամիսներ առաջ ընկել եւ վնասել էր ողնաշարը, եւ վերջինիս խնամում էին մտերիմ ընկերները եւ հարեւանությամբ ապրող տիկին Սեդան։ Հավելենք, որ Սուքիասյանի առանձնատունը, որտեղ ապրում են նրա որդին ու ընտանիքը, այս օրերին «Պրոմեթեյ բանկ»-ի կողմից աճուրդի է հանված, իսկ Էդգարին ժամանակավոր կացության համար մի սենյակ է հատկացված, մինչեւ առանձնատունը կվաճառվի: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում օֆշորի գործով տուժող Փայլակ Հայրապետյանն ասաց, որ ինքը սպասում է առերեսմանը, իսկ իրեն առայժմ այդ մասին ոչինչ չեն ասել. «Չեն կարող արդար քննություն չիրականացնեն, քանի որ ամեն ինչ փաստաթղթով կա: Երբ ամիսներ առաջ Աշոտը նամակ էր գրել, այնտեղ սխալ բաներ էր ասել, ինչի իրավունքը չուներ: Նա իմ ընտանիքի մասին էր գրել, բայց դա ինչ կապ ունի մեր գործի հետ»:

ԿՐԱԿՈՑՆԵՐՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում «բեսպրեդել» համարվող տղաների շքերթը շարունակվում է: Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիրում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով երկու անձ տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ կրակոցներից տուժած Արսեն Չիչյանը հրաժարվել է մնալ հիվանդանոցում եւ հեռացել է այնտեղից: Նշենք, որ նա վնասվածք էր ստացել կրծքավանդակի հատվածում: Վերջինիս հարազատները հրաժարվեցին կատարվածի մասին որեւէ մեկնաբանություն տալ:

ՀԱՐՍԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՑ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի Աջափնյակ համայնքի թիվ 38 մանկապարտեզը, որի տնօրենը Գալուստ Սահակյանի հարսն է` Սեդա Հակոբյանը, նախօրեին պետական մանկապարտեզից վերածվել է մասնավոր վճարովի մանկապարտեզի: Իսկ թե ինչու այս փոփոխությունը եղավ հենց Գալուստ Սահակյանի՝ Աժ նախագահ նշանակվելուց հետո, մանկապարտեզի տնօրենից պարզել չհաջողվեց, քանի որ նա մանկապարտեզի աշխատանքները ստուգելու էր գնացել, իսկ նրա աշխատակցուհին հայտնեց, որ մասնավորեցված մանկապարտեզի հետ իր տնօրեն Սեդա Հակոբյանը կապ չունի. «Մեր մանկապարտեզի մասնաշենքն է մասնավորեցվել: Գրեթե մեծ տարածք մնացել է որպես պետական մանկապարտեզ, բայց մի տարածք էլ վարձակալած է ու վճարովի մանկապարտեզ է դարձել»:




Լրահոս