Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած «Երգիչ Աֆոնի» պատժի ռեժիմը կփոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009-ի մայիսի 23-ին ՀՀ Ֆինանսների նախարար, այդ ժամանակ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած Ռաֆայել Մասումյանը, նույն ինքը` երգիչ Աֆոնը, ով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է ընդամենը 5 տարի, ազատ չի արձակվի: Փոխվել է միայն նրա ռեժիմը` կիսափակից դառնալով կիսաբաց:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Մասումյանի պաշտպանը Տիգրան Աթանեսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ է արդյոք այսօր «Իրատես de facto»-ի տարածած այն լուրը, որ Մասումյանն ազատ է արձակվելու:

Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը նույնպես հերքեց այդ լուրը:

Հիշեցնենք, որ մահափորձն իրականացվել է Գագիկ Խաչատրյանի` Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույցում, այն բանից հետո, երբ կազմվել է հանցավոր խումբը` բանդան` Գագիկ Մաթևոսյանի («Մուսկուլ Գագոյի») գլխավորությամբ:

Ըստ մեղադրանքի, գործով անցնող վեց դատապարտյալներից հինգը` Գագիկ Մաթևոսյանը, Վազգեն Կարապետյանը, Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը և Արտակ Ղուկասյանը բանդա են կազմավորել, որը զբաղվել է պատվերով մահափորձեր կազմակերպելով: Մաթևոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականունով 1992-1997 եղել է ներքին գործերի «Չղջիկներ» անվանումով հայտնի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը և, ըստ մեղադրանքի, նա հանդիսացել է հանցավոր խմբի ղեկավարը: Խմբի անդամներից Վ.Կարապետյանը, Ա. Ոսկանյանը և Գ. Գրիգորյանը նույնպես «Չղջիկներում» են ծառայել: Իսկ Արտակ Ղուկասյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է և, ըստ մեղադրանքի, հանդիսացել է խմբի գործունեության համար անհրաժեշտ տարբեր տեսակի սարքեր պատրաստող: Սակայն հատկապես Գագիկ Խաչատրյանի դեմ կազմակերպված մահափորձի, դրա բացահայտման և հետագա քրեական գործի համար Արտակ Ղուկասյանն առանցքային կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, որոշիչ նշանակություն է ունեցել:

Ըստ քրեական գործի, վերը նշված խումբը Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդու` Ռոբերտ Երիցյանի պատվերով մահափորձ է կազմակերպել Գագիկ Խաչատրյանի դեմ: Իսկ դրդապատճառը եղել է այն, որ Գագիկ Խաչատրյանը նախ Սերժ Սարգսյանի ներկայությամբ նվաստացրել է Ռոբերտ Երիցյանին, այնուհետև նրան ազատել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից: Ըստ մեղադրանքի, Ռոբերտ Երիցյանը Գագիկ Խաչատրյանի սպանության համար վճարել է 150 հազար դոլար, որը «բանդայի» անդամներին իբր Աթանեսյանի պաշտպանյալ Ռաֆայել Մասումյանն է փոխանցել` 10 հազար դոլարը որպես միջնորդավճար պահելով իրեն:

Պայթուցիկ սարքը, որը, ըստ մեղադրանքի, 1 կիլոգրամ տրոտիլ է պարունակել, տեղադրվել է Տերյան 19 հասցեում գտնվող Գագիկ Խաչատրյանի տանը կից գտնվող շինարարության վրա: Սարքին ամրացված է եղել բջջային հեռախոս, որը «3G» (ինտերնետով) համակարգով պետք է որպես տեսախցիկ ծառայեր խմբի անդամների մոտ գտնվող հեռախոսի համար: Եվ երբ այդ ժամանակվա ՊԵԿ նախագահը կվերադառնար տուն, հեռախոսով պայթուցիկ սարքը գործի կդրվեր:

Ըստ մեղադրանքի, այս նախաձեռնությունը տապալվել է, քանի որ շինարարության պահակը, ինչ-որ աղմուկ լսելով և դուրս գալով` տարածքն ուսումնասիրել ու նկատել է պատին ամրացված սարքը: Իսկ երբ փորձել է սարքի վրայից հեռախոսը պոկել, պայթուցիչը գործել է, և պահակը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն տարօրինակն այն է, որ բուն սարքը չի պայթել: Սարքին ամրացված հեռախոսի «սիմ» քարտը գրանցված է եղել նույն Արտակ Ղուկասյանի անունով, ում հենց հաջորդ օրը` մայիսի 24-ին ձերբակալել են:

Տաթև Հարությունյան




Լրահոս