2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, հայ-ադրբեջանական շփման գծում ծառայություն իրականացնող 22-ամյա ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով հատել էր շփման գիծը եւ գերեվարվել հակառակորդի կողմից: Առ այսօր գերեվարված հայ զինվորին վերադարձնելու կամ, առհասարակ, երրորդ երկիր տեղափոխելու մասին դեռեւս խոսք չկա:
Հակառակորդ կողմը դեպքից հետո ժամանակ չկորցրեց հայտարարելու, թե իբր Հակոբը ցանկանում է երրորդ երկիր գնալ, սակայն դեպքից անցել է արդեն 10 ամիս եւ անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու է ձգձգվում հայ գերուն երրորդ երկիր տեղափոխելու հարցը եւ, առհասարակ, որքանով է այսօր Կարմիր Խաչն անաչառ ու թափանցիկ աշխատում: Հիշեցնենք, որ Կարմիր Խաչն օրերս Ինջիղուլյանի հարազատներին նամակ էր փոխանցել, որտեղ մի քանի տող ջնջված էր եղել: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, թե ինչու են հայ զինվորի նամակից որոշ տողեր ջնջված եղել, ԿԽՄԿ-ի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին ասել էր. «Նամակները երբեւէ չպետք է պարունակեն որեւէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր Խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները: Հակառակ դեպքում՝ կվնասվի Կարմիր Խաչի ֆունկցիան` որպես անաչառ ու թափանցիկ աշխատող կողմի»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
-Պարոն Աթանեսյան, անցել է շուրջ 10 ամիս եւ հայ զինծառայողին, ըստ հակառակորդ կողմի հայտարարության, երրորդ երկիր տեղափոխելու գործընթացն ուշանում է: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:
– Ցավալի է, կիսում եմ նրա հարազատների անհանգստությունը: Կարմիր Խաչից նամակ էր եկել եւ այնտեղ ջնջված տողեր էին եղել, զինվորի հարազատները փորձում էին հասկանալ, թե ինչու է Կարմիր Խաչը գրաքննության ենթարկել զինվորի նամակը: Մի բան կարող եմ ասել, որ այս ամենը Կարմիր Խաչի գործունեությունը լավագույնս չբնութագրող էլեմենտ էր: Իսկ երրորդ երկիր հայ զինծառայողին տեղափոխելը Ադրբեջանի քարոզչական հնարքներն են, որոնք նրանք միշտ էլ օգտագործել են: Ճիշտ է, դա հակասում է միջազգային բոլոր կոնվենցիաներին: Պարզապես միջազգային կառույցները պետք է Ադրբեջանին պարտադրեն, որ նա հարգի ռազմագերու իրավունքները:
-Ըստ Ձեզ, որպես ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, արդյոք 10 ամիսը շատ երկար ժամանակ չէ՞, որ ռազմագերուն երրորդ երկիր տեղափոխեն:
-Դատելով այս ձգձգվող ժամանակից, ըստ երեւույթին ռազմագերին երրորդ երկիր գնալու ցանկություն չունի: Եթե Ադրբեջանն ուզենար, այդ հարցը արագ կլուծեր: Օրինակ՝ Ադրբեջանը կարող էր շատ արագ կազմակերպեր եւ ռազմագերուն ուղարկեր այնպիսի մի երկիր, որի հետ իր հարաբերությունները հոյակապ են, ասենք՝ Ղազախստան: Իմ կարծիքով՝ հայ ռազմագերին չի ցանկանում երրորդ երկիր գնալ, այլ ուզում է վերադառնալ իր հայրենիք, քանի որ մենք ռազմագերի ընկած զինվորներին չենք դատում, իսկ Ադրբեջանում դա համարում են պետական դավաճանություն եւ երկարաժամկետ դատում են: Սա ապացուցում է, որ մենք գործ ունենք միջազգային պայմանագրերը շահագործող երկրի հետ:
-Այս ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հայտարարել է, որ դիմել է Կարմիր Խաչին եւ նրանք ամեն ինչ անում են՝ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար: Արդյոք ճի՞շտ է հույսը միայն միջազգային կառույցի վրա դնելը:
-Ըստ երեւույթին, Պաշտպանության նախարարությունը չի ուզում լրատվության միջոցներով հրապարակայնացնել այն, ինչ ինքն է անում ռազմագերուն վերադարձնելու համար: Սա Կարմիր Խաչի խնդիրն է:
-Իսկ Կարմիր Խաչին վստահո՞ւմ եք։
-Անձամբ որեւէ միջազգային կառույցի չեմ վստահում, բոլորն էլ քաղաքական նպատակներ են հետապնդում եւ ինչ-ինչ շահեր են սպասարկում:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Արցախ