ԹՄՐԱՄԻՋՈՑ Է ՆԵՐԿՐԵԼ
Երեւան քաղաքի բնակչուհի, 1986թ. ծնված Սիրանուշ Թադեւոսյանը մեղադրվում է Թուրքիայից Հայաստան թմրամիջոց ներկրելու համար: Նա, 2013թ. դեկտեմբերի 14-ին Բավրայի մաքսակետով ՀՀ-ից ելք կատարելով եւ ավտոբուսով ուղեւորվելով Ստամբուլ, Թուրքիայում ձեռք է բերել «տենամֆետամին ՄԴԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 20 հատ հաբ եւ տեղավորել թեյի փաթեթում: Իսկ այդ փաթեթն էլ տեղավորել է մրգերով լցված պոլիէթիլենային տոպրակում: 2013թ. դեկտեմբերի լույս 20-ի գիշերը Սիրանուշը Բագրատաշենի սահմանային հսկիչ-անցագրային կետով ժամանել է Հայաստան, որտեղ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերել են թմրադեղով լի թեյի փաթեթը: Թադեւոսյանը կալանավորված է եւ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 215 հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող եւ այլ նյութերի մաքսանենգությունը) եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ եւ այլ նյութերի խոշոր չափերով շրջանառությունը): Ս. Թադեւոսյանին սպառնում է 4-15 տարի ազատազրկում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՍԱՀՄԱՆ ՈՒՆԻ
Երեկ՝ վաղ առավոտից, «Միկա-ցեմենտ» գործարանի բակում 50 աշխատող պահանջում էին հունվար-փետրվար ամիսների իրենց աշխատավարձը, որը դեռեւս ուրբաթ օրը պետք է նրանց հաշվեհամարներին փոխանցված լիներ: Բացի բողոքողներից, շուրջ 300 աշխատող նույնպես աշխատավարձ չի ստացել եւ, ինչպես արդեն անդրադարձել էինք, հունիսի 16-ին հանդես եկել բողոքի մեծ ակցիայով: Քանի որ գործարանն աշխատանքային ռեժիմի էր անցել մարտ ամսից եւ հունվար-փետրվարին հարկադրյալ պարապուրդի էր ուղարկել այդ 300 աշխատողներին, ուստի վերջիններիս չվճարած աշխատավարձերի պարտքը սկսվում է մարտ ամսից: Իսկ վերը նշված 50 աշխատողները պահակային բաժնի աշխատակիցներն էին, ովքեր աշխատել էին տարեսկզբից: Ի դեպ, նրանց բողոքի ակցիան այսօր պսակվեց հաջողությամբ: Գործարանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, մտավախություն ունենալով, որ բողոքի ակցիան կարող է նոր թափ ստանալ, երկար թղթաբանությունից հետո վճարեց 2 ամսվա պարտքը: Աշխատողները ստիպված եղան մինչեւ ժամը 17-ը սպասել գործարանի մուտքի մոտ, որից հետո մեկ առ մեկ աշխատավարձ ստացան հաշվապահությունից: Սակայն նշենք, որ այդպես էլ 300-ից ավելի աշխատողի աշխատավարձը «Միկա-ցեմենտ»-ը դեռեւս չի կարողանում մարել։ Ղեկավարությունը ստիպված եղավ եւս 2 օր խնդրել, որպեսզի մաս-մաս մարի պարտքերը: Ինչպես աշխատողներն ասացին, պատրաստ են եւս երկու օր համբերել, բայց ոչ ավելի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը 2013թ. նոյեմբերի 2-ին գրել էր, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրինությունը հրաժարվել էր վճարել իր աշխատակիցներից 49-ամյա Արմենի 5 ամսվա աշխատավարձը, որից հետո վերջինս հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել էր:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան