ՎԱ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԹՈՂՆԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի խնդրանքով 2009թ. սեպտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպման մասին հաղորդող փաստաթուղթը եւս հրապարակվել է «Վիկիլիքս»-ի կողմից: ԱՄՆ Պետդեպին ուղարկված սույն զեկուցագիրը կազմել է հենց դեսպանը: Նա հայտնում է Քոչարյանի տեսակետները ներքաղաքական գործընթացների, Վարդան Օսկանյանի գործունեության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ` այդ ամենը համեմելով սեփական ուշագրավ մեկնաբանություններով:

Առաջին հերթին կենտրոնանալով ներքաղաքական հարաբերությունների վրա՝ Քոչարյանն ու դեսպանը քննարկել են Վարդան Օսկանյանի գործողությունները: Դեսպանին հատկապես հետաքրքրել է, թե արդյո՞ք Օսկանյանը հանդես է գալիս որպես Քոչարյանի խոսնակ: Նախկին նախագահը հրաժարվել է ընդունել, որ Օսկանյանը հանդես է գալիս իր անունից, երբ քննադատում է իշխանությունների քաղաքականությունը: Նա նկատել է, որ Օսկանյանի քննադատությունները հիմնված են նրա դավանած սկզբունքների վրա եւ պայմանավորված են այն փաստով, որ ներկայիս վարչակարգն արհամարհում է Օսկանյանին եւ նրա տասնամյա փորձն արտաքին քաղաքական հիմնահարցերում: «Վարդանը մտահոգ է, քանի որ զգում է, որ Հայաստանը թանկ է վճարելու սահմանի բացման համար, երբ իրականում դրա կարիքը չկա»: Նա նշում է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վիրավորել է Օսկանյանին՝ նրա հետ չխորհրդակցելով: Քոչարյանի հաղորդմամբ՝ ինքը խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանին օգտագործել Օսկանյանի խորհրդատվական դերը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում: «Իշխանությունները կարող էին օգտագործել հայ-թուրքական հարաբերությունների գծով Հայաստանում ամենահամապատասխան մարդուն, ինչի փոխարեն նրան անկյուն են հրել»,-սրտնեղել է նախկին նախագահը: Նա տեղեկացրել է, որ տվյալ ժամանակափուլում ինքը դեռ շարունակել է պետական հարցերում խորհուրդներ տալ Սերժ Սրագսյանին եւ հայտնել է իր անհամաձայնությունների մասին՝ հատկապես Թուրքիայի պահով. «Բայց ես չեմ խառնվի նրա գործերին»,- եզրափակել է նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Քոչարյանը նկատել է, որ դրա տապալման դեպքում ԱՄՆ-ի դիրքերը Հայաստանում զգալիորեն խարխլվելու են: Նա հայտնել է, որ ԱՄՆ փորձերը Հայաստանին անհամարժեք զիջումների հարկադրելու առումով, հայ հասարակության մեջ լավ հայտնի են, եւ եթե գործընթացը ՀՀ-ի համար որեւէ արդյունք չտա, այն կվնասի հայ-ամերիկյան հարաբերություններին: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է հավանական, որ Սարգսյանի ջանքերը ապարդյուն անցնեն՝ Քոչարյանը հայտնել է հետեւյալը. «Ոչ ոք չի ուզում մեղադրել իրեն եւ չի ուզում հիմար ու խաբված երեւալ»:
Խոսելով ԼՂ խնդրի շուրջ, Քոչարյանը նշել է, որ ոչ մի առաջընթացի հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Ադրբեջանը չի հասկացել, որ խնդիրը ռազմական լուծում չունի: Այստեղ Քոչարյանը պնդել է, որ տվյալ պահին, առավել քան երբեւէ, ՀՀ ղեկավարության համար դժվար կլինի ԼՂ ղեկավարությունից փոխզիջումներ կորզել: Նա զգուշացրել է, որ միջազգային դերակատարները պիտի հասկանան` Սերժ Սարգսյանին չի կարելի շատ ճնշել, քանզի կարող է հակառակ արդյունքը ստացվել, եթե նա փորձի գնալ անհամարժեք զիջումների: Քոչարյանը հավելել է, որ եթե հանկարծ Սարգսյանը գնա նման զիջումների, նրան անմիջապես կկանգնեցնեն այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ է, ինչ գտնվում են բանակցային գործընթացի մեջ: Այսպիսով՝ բավականին ուշագրավ զգուշացում է հնչեցրել Քոչարյանը՝ ակնարկելով ներիշխանական շրջանակներում ղարաբաղյան ազդեցիկ ներկայացուցիչների մասին, ովքեր կարող են դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ ու կանգնեցնել նրան: Այստեղ բավականին հետաքրքիր է, թե ի՞նչ միջոցներով պետք է դա տեղի ունենա(ր) եւ հատկապես ովքե՞ր են այդ «հանդուգն հայրենասերները»:
Շարունակելով ԼՂ հիմնահարցի քննարկումը, երկրորդ նախագահը ասել է, որ Ադրբեջանը չի կարող գալ փոխզիջումի գիտակցությանը, քանի դեռ զգում է, որ իր նավթային հզորությունն աճում է ու դա գերազանցություն է ստեղծում Հայաստանի հանդեպ: Քոչարյանի համոզմամբ՝ չնայած Ալիեւի՝ ԼՂ-ն հետ գրավելու շուրջ շարունակական ելույթներին, նա արկածախնդիր չէ: «Նա Սահակաշվիլի չէ, նա ավելի զգույշ է ու հաշվենկատ»: Քոչարյանը շեշտել է, որ Ղարաբաղի հայերի համար ամեն օրն ավելի է նվազեցնում զիջումների գնալու հավանականությունը, ինչպես, օրինակ, անվտանգության գոտի համարվող 7 շրջանները հետ վերադարձնելը: Նրա վստահեցմամբ՝ «ԼՂ անկախությունը զոհաբերելն այժմ արդեն անհնար է: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչու պետք է մարդիկ, ովքեր 21 տարի ազատ են ապրել, այսօր կրկին վերադառնան նախկինի վիճակին»:
Յովանովիչը, ավարտելով Քոչարյանի հետ իր զրույցի մանրամասների փոխանցումը, մեկնաբանում է. «Ինչպես նախկինում է հաղորդվել, նախկին նախագահը ձեռքը պահում է պետական հարաբերությունների զարկերակի վրա եւ տալիս այն տպավորությունը, որ կարող է հապշտապ քայլերով կրկին անցնել ծառայության, եթե պայմանները պահանջեն: Նա այժմ կարծես վայելում է ազատ ժամանակը եւ զվարճություններ ունենում՝ առանց կաշկանդվելու նախագահի կարգավիճակով: Այդուհանդերձ, դեռ շատ վաղ է Քոչարյանին հաշիվներից դուրս թողնելը: Նա մեզ փոխանցեց. «Ով գիտե, սա կարող է ճանապարհորդելու իմ միակ պատուհանը լինել»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս