ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ԱՆՀԻՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը, երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեց: Բանն այն է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ` հունիս 23-ին, պետք է թանկացման մասին վերջնական որոշում ընդուներ, որի հիմքերը, քաղաքացիների պնդմամբ՝ հանձնաժողովը չունի: Ակցիայի ընթացքում մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցավ քաշքշուկ, ինչի արդյունքում 27 քաղաքացու բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: Իհարկե, մի քանի ժամ անց նրանց բոլորին էլ բաց թողեցին:

Էլեներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները երեկ ակցիայի ժամանակ փորձեցին մուտք գործել ՀԾԿՀ-ի շենք, սակայն հավաքված ոստիկաններն արգելեցին: Դրանից հետո ցուցարարները փակեցին Սարյան փողոցը, ինչի արդյունքում ոստիկանների ու քաղաքացիների միջեւ տեղի ունեցավ բախում եւ մի քանի տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ: Ի դեպ, դժգոհող քաղաքացիների մեջ եղան նաեւ տուժածներ, որոնցից երկուսին տեղափոխեցին հիվանդանոց: Նշենք, որ բողոքի ակցիայի վայր ժամանեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
Ակցիային ներկա Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիան անօրինական է, իսկ քաղաքացիներն օրենք են խախտում, ինչի արդյունքում երթեւեկությունը կաթվածահար է լինում: ՀԾԿՀ-ի շենքի առջեւից ցուցարարները «ազատություն» բացականչելով քայլեցին դեպի ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ ժամանել էին նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արամ Մանուկյանը:
Ի դեպ, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները երեկ կեսօրից հետո հաղորդագրություն տարածեցին, որ երեկոյան բոլորին հրավիրում են հանրային քննարկման տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Երեկոյան հանդիպմանը երիտասարդները կորոշեն, թե հետագայում ինչ քայլեր են ձեռնարկելու էլէներգիայի թանկացման դեմ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս