«ԴԱՋՎԱԾՔԻՑ ԱՌԱՋ ՄԱՐԴ ՏԵՍԱԿԴ ՊԻՏԻ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դաջվածքը հատուկ սարքի միջոցով պերմանենտային նկարներով մարմինը զարդարելու արվեստ է: Սա ինքնարտահայտման հնագույն ձեւ է, որը հայտնի է անհիշելի ժամանակներից ու այսօր լայն տարածում ունի: Թե Հայաստանում ինչքանով է ընկալվում տատու արվեստը, եւ ինչ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացնում է «Tattoo Art-club»-ի տնօրեն Գագիկ Մկրտչյանը:

-Ինչպե՞ս առաջացավ Երեւանում տատու-սրահ բացելու գաղափարը:
-Ասեմ, որ մեզ համար սկզբնականում շատ դժվար էր, որովհետեւ մենք բացվել ենք գրեթե 10 տարի առաջ, իսկ դա այն ժամանակն էր, երբ մարդիկ ամաչում էին նույնիսկ ասել «տատու» բառը. չկար ինչ-որ հիմք, որով կկարողանայինք զարգացնել այս ամենը, չկային հիմնական այցելուներ: Ինձ օգնել է միայն իմ կինը, միասին ենք արել ամեն ինչ` երբեմն հուսահատվելով, երբեմն դժվարանալով, այսօր հասել ենք նրան, որ դաջվածք անող մարդկանց թիվն աճում է:
-Հիմնականում ովքե՞ր են սրահի այցելուները:
-Չկա ինչ-որ հստակ կատեգորիա, որ մեզ մոտ գալիս են այս-այս մարդիկ: Ուղղակի մեր այցելուներն են բոլոր այն մարդիկ, ովքեր եկել հասել են մտածողության այն աստիճանին, երբ իրենց պակասում է մարմնին հետաքրքիր մի բան, որը կլրացնի տարբեր-տարբեր այլ բաներ: Դե, բնականաբար, ավելի շատ են երիտասարդները, ինչը կապված է տարիքի, ինքնահաստատվելու, ինչ-որ բան ցուցադրելու հետ: Բայց տարիքային խմբերը շատ տարբեր են` սկսած 18-ից, քանի որ դրանից ցածր տարիքի մարդկանց հետ ես չեմ աշխատում:
-Մշտապես կանխավ տեղեկանո՞ւմ եք այցելուների տարիքի մասին:
-Ոչ բոլորին եմ հարցնում. երբ զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ, ապա անպայման հարցնում եմ: Եվ եթե չափահաս չեն, ես ոչ մի պարագայում չեմ աշխատում, միայն եթե ներկա է ծնողներից մեկը:
-Իսկ ի՞նչ կասեք կանացի դաջվածքների մասին, վերջին տարիներին կարծես թե դաջվածքներ ունեցող հայ կանանց թիվն ավելացել է:
-Իրականում մենք շատ փոքր քայլերով ենք առաջ շարժվում մեր մտածողությամբ, իսկ այն, որ մենք ցույց ենք տալիս, թե իբր առաջ ենք գնացել, դա ընդամենը ցույց ենք տալիս: Այնուամենայնիվ, ինչ-որ շարժ կա այդ ուղղությամբ, որովհետեւ դաջվածք անող մարդկանց թիվն աճել է, եւ այնպիսի մարդիկ են դաջվածք անում, ում վրա ես երբեք չեմ պատկերացնի նման բան: Լինում են դեպքեր, երբ մարդ չերեւացող տեղում դաջվածք է անում միայն իր եւ իր կողքինի համար, իսկ հետո, երբ չերեւացող տեղերը վերջանում են, մարդն արդեն սկսում է սիրել դաջվածքեր, եւ դրանք արդեն հայտնվում են բոլորի համար տեսանելի տեղերում: Դրա հաշվին է, որ մարդկանց աչքը սովորում է, եւ Երեւանում, ավելի ճիշտ՝ միայն Երեւանի կենտրոնում կամ շատ փոքր կենտրոնում (ասենք՝ միայն Օպերայի տարածքում) մի պահ կբացի իր դաջվածքը (ծիծաղում է):
-Իսկ որո՞նք են ամենատարածված դաջվածքները:
-Հիմա շատ են տարածվել գրվածքները. մարդիկ ուզում են ինչ-որ բան գրել եւ ինձ են հարցնում, թե ինչ գրեն իրենց վրա: Հիշում եմ դեպք, երբ մեկն ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչ գրվածք է ուզում, եւ վերջում թեւին ուղղակի գրեցինք «տատու»: Շատ են պատկերում նաեւ թռչուններ կամ կրկնօրինակում ֆուտբոլիստների դաջվածքները:
-Գնային քաղաքականությունն ինչպիսի՞ն է:
-Գինը որոշվում է կոնկրետ աշխատանքի բարդությունից, այլ ոչ թե չափերից. հնարավոր է՝ ինքը շատ փոքր դաջվածք լինի, բայց երկարատեւ աշխատանք պահանջի: Հիմնականում գները սկսվում են 10.000 դրամից:
-Վերջերս տարածում է գտել նաեւ ժամանակավոր դաջվածքը, որքանով է այն էֆեկտիվ, եւ արդյոք Դուք նման դաջվածքներ անո՞ւմ եք:
-Մարդիկ հնարել են դաջվածքի մի տեսակ՝ ժամանակավոր դաջվածք 6 ամսով կամ 1 տարով: Ասեմ, որ այդպիսի բան չկա. ժամանակավոր դաջվածքը լինում է հինայով եւ պահպանվում է ընդամենը 7-10 օր: Դա չի արվում ասեղով, այլ ուղղակի նկարվում է վրձինով: Իսկ ինչ վերաբերում է մշտական տատուին, ներկերը հիմնականում բույսերից են պատրաստված եւ դուրս են գալիս միայն լազերով` մի քանի էտապներով մի լավ այրելու միջոցով: Այդ պատճառով, դաջվածք անելուց առաջ պիտի մարդ տեսակդ լիովին ձեւավորված լինի, հիմար կամ շուտ փոշմանող մարդն իրավունք չունի դաջվածք անել: Երբ ինձ այցելում են, ես պարտադիր աշխատելուց առաջ զրուցում եմ իրենց հետ, եւ արդեն ինձ համար պարզ է դառնում կանեմ ես դաջվածք տվյալ մարդուն, թե` ոչ: Հիմա կարող է ինձ չհավատան, բայց ես այցելուների 50-60 տոկոսին խորհուրդ եմ տալիս չանել:

ԱՆՈՒԿ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ




Լրահոս