ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամության կարգ եւ նրան անհրաժեշտ են որոշակի պարագաներ, օրինակ` պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ, ապա ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի նա, որպեսզի կարողանա ստանալ անհրաժեշտ պարագաները:
Կարեն Մելիքյան (63 տարեկան, հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով
-անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16տ. երեխաների համար` ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
-համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
-հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
-լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցները տրամադրվում են անվճար:
Հաշմանդամ երիտասարդներին եւ երեխաներին աջակցող կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013թ. իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնման մի շարք աշխատանքներ: 2014թ. հաշմանդամություն ունեցող շուրջ 8500 անձ ապահովվել է պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով եւ մի շար քայլ այլ անհրաժեշտ պարագաներով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե անհատական բնակարանաշինության եւ գյուղատնտեսական արտադրության ո՞ր օբյեկտները լիցենզավորման ենթակա չեն: Այսինքն` կոնկրետ ո՞ր օբյեկտների համար լիցենզիա պարտադիր չէ:
Գեղամ Ասրյան (53 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող բնակելի տների, 150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների եւ 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասերում՝ 1000 քառ.մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության այլ ոչ հիմնական շինությունների եւ 100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների` շինաշխատանքները համարվում են շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ: (Հայաստանի Հանրապետության 30.05.2001 թվականի օրենքը «Լիցենզավորման մասին», հոդված 43, կետ 17, մաս 2-րդ եւ 3-րդ, ՀՀ կառավարության 20.02.2014 թվականի արձանագրություն):
ՀՀ քաղաքաշինության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն դեպքն է, երբ մեր այն ընթերցողները, ովքեր լիցենզավորման խնդիրներ են ունեցել, կարող են մեր սույն հրապարակումն ընդունել եւ պատկան կառույցին ներկայացնել որպես պաշտոնական պարզաբանում անհարկի բյուրոկրատական քաշքշուկից խուսափելու համար: Նման խնդիր ունենալու հավանականության դեպքում խորհուրդ ենք տալիս պահպանել մեր թերթի այս համարը:
ՀԱՐՑ. Մեր բնակարանի միակ սեփականատերը հադիսանում է ամուսինս, նա ժառանգություն է ստացել իր ծնողներից: Ես եւ երեխաներս հաշվառված ենք այդ բնակարանում: Միասին չենք ապրում: Հիմա ես ուզում եմ իմանալ, երեխաներս եւ ես այդ բնակարանից մասնաբաժին պահանջելու ի՞նչ իրավունքներ ունենք:
Ալլա Ստեփանյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մինչեւ ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Այսինքն՝ դուք եւ երեխաները Ձեր ամուսնուց-հորից նրա բնակարանից բաժին պահանջելու իրավունք չունեք:
Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները եւ դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:
Այս հոդվածից բխում է, որ եթե դուք եւ երեխաները, ովքեր 18-տարեկանից բարձր տարիքի են բնակելի տարածության օգտագործման իրավունքը վերոնշյալ հոդվածով նշված կարգով ժամանակին չեք գրանցել, ապա բնակելի այդ տարածքում բնակվելու իրավունք եււ չունեք:
«Իրավունքի իրազեկում» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ժամանակին չկատարված գրանցման պատճառով մեզ դիմած քաղաքացին հայտնվել է վատ դրության մեջ եւ փաստացի զրկել է նաեւ իր երեխաներին` իրենց հորը պատկանող բնակարանում բնակվելու իրավունքից: