Նոր ՀԴՄ-ները կկործանեն փոքր բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

40 հազար տնտեսվարողներ այսօրվանից փաստի առաջ են կանգնել: Այն, որ Հայաստանում դեռևս 40 հազար տնտեսվարող կա, այլ խոսակցության թեմա է: Ինչպես հայտնի է, գործադիրն իր որոշումներից մեկով նախատեսել է այսօրվանից սկսած՝ ձեռնակատերերին, այսպես կոչված, նոր սերնդի ՀԴՄ-ներ պարտադրել, որոնք, ցավոք թե բարեբախտաբար, Հայաստան չեն հասել:

Պարզից էլ պարզ է, որ սկսած երևանյան սուպերմարկետներից՝ վերջացրած գյուղական կիսաշունչ կրպակները 150 հազար դրամ արժողությամբ ՀԴՄ տրամադրելով՝ հերթական բիզնես պլանն է իրագործվում: Ի վերջո, տարիներ առաջ գրեթե բռնի ուժով տեղադրված սարքերը հիմա էլ վատ չեն աշխատում, ու միայն ՊԵԿ-ի պատասխանատուների գլխում կարող էր գավառական ժանգոտ կրպակների ՀԴՄ-ները գերժամանակից դարձնելու անհեթեթ միտքն առաջանալ:

Իսկ ի՞նչ են անելու հարկային տեսուչները: Հետևելով օրենքի տառին՝ նրանք, իհարկե, այսօրվանից կարող են լայնամասշտաբ ստուգումներ անցկացնել ու տնտեսվարողներին տուգանել: Նման բան, սակայն, հազիվ թե տեղի ունենա: Ավելի հավանական է, որ նրանք հոգեբանական գրոհի կանցնեն՝ որոշ ժամանակ անց ցույց տալու, թե մեծ լավություն են անում կրպակատերերին:

Այս աբսուրդային իրավիճակի լավագույն լուծումը նոր ՀԴՄ-ների՝ այդպես էլ Հայաստան չհասնելը կլիներ, քանի որ 150 հազար դրամը, որ մարդիկ պետք է վճարեն դրա դիմաց, շատերի դեպքում արդեն ամբողջ ամսվա շրջանառությունն է դարձել, ու տնտեսվարողների մի մեծ մասին հենց նման մի «օգնություն» է պետք , որպեսզի ընդհանրապես փակվեն և լուծարվեն:




Լրահոս