Ահա թե որն է ԵՏՄ ճամփին կանգնած արգելապատնեշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ կրքերը գնալով բորբոքվում են, իսկ Բաղրամյան 26-ը շարունակում է քար լռություն պահպանել:

Հանրությունը նոր չէ, որ պետք է սովորի իր ճակատագրին վերաբերող բոլոր հարցերը «ծածկադմփոց» անելուն: Բայց, այդուհանդերձ, եթե մեկ-երկու ամիս առաջ հարգարժան նախագահին ուզում էինք հարցնել. «Մաքսային միություն ենք գնում, որ ի՞նչ լինի», ապա այժմ այլ հարց է հետաքրքրում` «Եթե, միևնույն է, անդամակցելու ենք, ապա ի՞նչ պատճառով է հայրենի իշխանությունը հարցը անընդհատ «կտուրը գցում»: Հատկապես որ, մեծ եղբայրը շտապում է և չի հոգնում այդ մասին տարբեր եղանակներով ակնարկել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս ստորագրեց բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման բնագավառում Հայաստանի հետ միջպետական պայմանագրի վավերացման մասին օրենքը: Հատկանշական է, որ դեռևս դեկտեմբերի սկզբին Երևանում ստորագրված այս փաստաթուղթը Հայաստանին առանց մաքսատուրքի էներգակիրների մատակարարում է ապահովում անգամ մինչև եվրասիական ինտեգրման տարածքին միանալը:

Այն, որ Պուտին «պապան» պետք է որ շնորհավորեր Սերժ Ազատիին 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, թերևս կարելի էր սպասել: Սակայն նույն հեռախոսազրույցում ՌԴ ղեկավարը առիթը բաց չի թողել և կրկին արծարծել է նաև «եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիամասշտաբ ներգրավման հետ կապված հարցերը»:

Էլ չասենք այն նեյնիմ-մեյնիմները, որ օրնիբուն անում են տարբեր մակարդակի ռուս չինովնիկները` Բաքվին իբր ԵվրԱզԷս հրավիրելու համար, թեև պարզ է, որ այս հնարավորությունը հաստատ գրված է սառույցի վրա, և, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներին ռեվերանսներ են արվում` Երևանին տաքացնելու նպատակով:

Երեկ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ի լուր աշխարհի հայտարարել է, որ Հայաստանի անդամակցությանը Բալառուսի և Ղազախստանի՝ դեմ լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Եթե դա իրոք այդպես է, և արտաքինից ոչ մի խոչընդոտ չկա, ապա ինչո՞ւ է հապաղում պաշտոնական Երևանը: Ի՞նչ երկու-երեք փոքր հարցեր են, որ Հայաստանը պետք է կարգավորի ՄՄ-ին անդամակցելուց առաջ:

Այն, որ դա Ղարաբաղյան հարցը չէ, պարզ է առանց քննարկման: Նախ՝ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար է չնչին հարց անվանել, և հետո այն մասին, որ Ղարաբաղը կապ չունի, հայտարարել է ինքը Սերժ Սարգսյանը:

Վերջին ժամանակների հայաստանյան ներքին անցուդարձը որոշ գաղափարներ, այնուամենայնիվ, հուշում է. Հայաստանի համար էներգակիրների մատակարարման արտոնությունները վավերացնելու և տրամաբանորեն, դրանց եթե ոչ էժանացումը, ապա գոնե չթանկացումը փաստվելու նախօրեին Հայաստանում սկսվեց էներգակիրների հերթական թանկացման գործընթաց: Չնայած Հայաստանի նոսրացած բնակչության թույլ բողոքին՝ Էլեկտրաէներգիայի՝ 20-30 տոկոս թանկացումն արդեն հաստատվեց համապատասխան գերատեսչության կողմից:

Ահա թե որտեղ էր թաղված շան գլուխը: Ընդանուր տնտեսական տարածք մտնելով՝ Հայաստանը, դժվար թե, կարողանա առանց հիմնավորումների վախտին-բեվախտին Ռուսաստանից ստացվող ռազմավարական ապրանքների գին բարձրացնի: Ուրեմն դա պետք է անի մենց հիմա, անհապաղ՝ անկախ ցանկացած բողոքներից:

Ռիտա Կարապետյան




Լրահոս