Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներն այսօր կրկին փակել էին իրենց համայնք տանող ճանապարհը: Նրանք պահանջում էին լուծում տալ օրեր շարունակ ձգձգվող խնդրին:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորիկի պատճառով տասնյակ տներ ուղղակիորեն վերածվել էին փլատակների:
Խոստացված ժամին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Վարդենիսում էր: Նա տեղաբնակներին առաջարկեց գնալ և զրուցել քաղաքապետարանում, սակայն վերջիններս պահանջում էին կա՛մ վարչապետին, կա՛մ էլ, որ մարզպետը գնա և մեկ առ մեկ տեսնի նրանց տների վատ վիճակը:
Մոտավորապես 40 րոպե տևած բանակցություններից հետո բնակիչները բացեցին ճանապարհը: Երկուս ու կես ժամ մարզպետը բնակիչների հետ շրջում էր «աղետի գոտում»: Նա ծանոթացավ իրավիճակին և արձանագրեց վնասները: Այնուհետև Ռաֆիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը:
Ի վերջո, որոշվեց սպասել մինչև ուրբաթ օրը: Մարզպետը կառավարության կայանալիք նիստում կներկայացնի իրավիճակը, որից հետո էլ պարզ կլինի վարդենիսցիների փլված տների հետագա ճակատագիրը:
Նշենք, որ քամու հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, ամբողջությամբ պոկվել է 10 տան, մասնակիորեն՝ 90 տան կտուր: Ջարդուփշուր են եղել նաև ապակիներ, շրջվել է 20-ից ավելի էլեկտրասյուն: Վնասվել է նաև Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: