Արարատի մարզի Վանաշեն գյուղի 44-ամյա բնակիչ Հակոբ Նահապետյանը սպանության մեղադրանքով հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Այսպես, Armlur.am-ը տեղեկանում է, որ 2013 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Նահապետյանը սիրուհու` Վեդի քաղաքի բնակչուհի Աննա Ավետիսյանի հետ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի «Խանումի ձոր» կոչվող վայրից ոչ հեռու գտնվող ցորենի արտի մոտ, որպեսզի զրուցի Ավետիսյանի հետ իրենց տանը տեղի ունեցած ինչ-որ միջադեպի մասին:
Նահապետյանի` հաշտության եզրեր գտնելու նպատակը, սակայն, տխուր ավարտ է ունենում:
Նախաքննությամբ պարզվել է, որ ժամը 19:30-ի սահմաններում` նույն հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Ա. Ավետիսյանից լսելով վիրավորական բառեր իր ընտանիքի հասցեին՝ վրեժխնդիր լինելու ցանկությամբ Հակոբ Նահապետյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Աննային` պատճառելով արնազեղումներ ճակատին ձախից, ձախից վերին և ստորին կոպերին, վերին և ստորին շրթունքներին, գլխի մաշկի տակ ձախ ճակատային շրջանում, քերծվածքներ ձախ այտին, վերին շրթունքին ձախից, կրծքավանդակի առաջնային և հետին մակերեսներին: Ապա ձեռքերով սեղմել է Ավետիսյանի պարանոցը, պատճառել մեխանիկական շնչահեղձություն և խեղդամահ անելով` սպանել է նրան:
Նահապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի քննությունը մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին, իսկ Նահապետյանի շահերը դատարանում պաշտպանում է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Լուիզա Հարությունյանը: Սպանված Աննա Ավետիսյանի ներկայացուցիչն է Նևա Ավետիսյանը:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Հակոբ Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: