Որքան էլ ՀՀԿ-ի PR-շչիկները փորձում են Սերժ Սարգսյանին պրոպագանդել որպես բարի, խաղաղասեր, ներողամիտ, շրջահայաց մարդ, միեւնույն է, չի ստացվում այն զուգորդել իրականության հետ: Այսօր` մարտի 1-ին` հայտնի ոճրագործությունից չորս տարի անց, ՀՀ ԱԺ-ն քվեարկելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Այնտեղ կա դրույթ, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է նաեւ բանակի օգտագործումը, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, փոխարենն արդարացնում իշխանության զինված բռնազավթումը: Բայց այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի տխրահռչակ նախագիծը քվեարկվի հենց այսօր: Եթե հիշում եք, մարտի 1-ին երկրի վարչապետը Սերժ Սարգսյանն էր, ում հետ խորհրդակցելով` Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, եւ ում լուռ համաձայնությամբ էլ իրականացվեց այդ աննախադեպ սպանդը: Հիշեցնենք նաեւ ՀՀ առաջին նախագահի խոսքերը` 1996-ի դեպքերի վերաբերյալ. «Այն պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանն իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց` շե՛ֆ, պետք ա կրակել: Ասացի՝ ոչ մի դեպքում, սպասե՛ք: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողներն առեւանգել եւ Լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց, որ պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասացի` միայն օդ»: Այսպիսով` պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանի անունը մշտապես առնչվել է ուժային գործողությունների հետ` ուղղակի պատասխանատվությամբ: Եւ ցավալի է, որ այս իրողությունն ընտրարշավի պատրաստվող ՀՀԿ-ն չի գիտակցում կամ փորձում է չտեսնել:
4 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԲՌՆԱԶԱՎԹՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ