ՄՏԱՄՈԼՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն ընտրությունից առաջ քաղաքական դաշտում ինքնահաստատվել փորձող ուժերն ու անհատները ոչնչի առջեւ կանգ չեն առնում` պատգամավորական մանդատ ստանալու կամ խորհրդարանում հայտնվելու համար: Իհարկե, նորմալ, զարգացած երկրներում խորհրդարանում հայտնված յուրաքանչյուր մարդ կարողանում է իր երկրի համար պիտանի որեւէ գործ անել` չվախենալով անձնական կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի մասին: Մինչդեռ Հայաստանում պատգամավորները դրսում «լավ տղա» են աշխատում, իսկ խորհրդարանի շենքի ներսում` պարզապես կոճակ սեղմող: Պատճառն այն է, որ խորհրդարանում հայտնվում են մարդիկ, որոնց պոչը բոլոր առումներով գործադիր իշխանության ոտքի տակ է: Ցանկացած թթու խոսք, ոչ հաճելի «կոճակասեղմություն» կարող է ճակատագրական դառնալ հայ ազգընտիրների մեծամասնության ապագա բարեկեցության համար: Եւ թվում է՝ Հայաստանում իրեն հարգող յուրաքանչյուր մարդ չի ցանկանա կամ առնվազն կխուսափի խորհրդարանում հայտնվելու հեռանկարից: Սակայն հետեւելով ազգընտիրների կամ այդպիսին դառնալու հավակնություններ ունեցողների գործադրած ջանքերին, կարելի է միանշանակ ասել, որ Հայաստանում հպատակվելը, հնազանդվելը, ենթարկվելն ու կատարելը ոչ միայն ազգի նկարագիր է դառնում, այլեւ քաղաքական էլիտայում գերիշխող ու պահանջված տեսակ: Եւ այս կարգավիճակն ունենալու համար այսօրվա գործող պատգամավորներն այնքան են տանջվում, որ անորոշության «ամոթից» խուսափում են խորհրդարան գալ: Երեկ Ազգային Ժողովում աշխատում էին մեծամասամբ այն պատգամավորները, որոնց Սերժ Սարգսյանը հստակ խոստում է տվել` խորհրդարանում հայտնվելու համար: Կամ էլ նրանք էին, որոնց ասվել է, որ չեն լինելու հաջորդ խորհրդարանում, սակայն «անգործ» չեն մնա: Բոլոր այն ազգընտիրները, որոնց ապագայի հարցը դեռ անորոշ է, չեն այցելում Ազգային Ժողով: Իսկ այն պատգամավորները, որոնք հստակ գիտեն, որ մերժված են, կամաց-կամաց սկսել են իրենց իրերը հավաքել. մի երկու ամիս է մնացել իրենց աշխատասենյակների «կյանքին»:
Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա դրանք, ինչպես միշտ, անհետաքրքիր ընթացք ունեն եւ խորհրդարանի ապագան լավագույնս բնորոշեց ԱԺ ամենատարեց պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` «տրյապկա»: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի  մասին» կառավարության լրամշակած օրինագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, դեմ արտահայտվելով օրինագծի որոշ դրույթների` կոնկրետ բանակի ներգրավվածության մասին, ասաց. «Խորհրդարանը պետք է կա՛մ ընդունի նախագահի որոշումը, կա՛մ մերժի այն, կա՛մ հանդես գա առաջարկություններով, իսկ օրինագծով առաջարկվում է ուղղակի խորհրդակցություն: «Տրյապկա» մի՛ սարքեք Ազգային Ժողովը»: Այնպես որ, առնվազն տարակուսելի է, թե ինչու են հատկապես գործարարները «գլուխ կոտրում» խորհրդարանում հայտնվելու համար: Չէ՞ որ այնտեղ առանձնապես դրսեւորվելու տեղ չկա:




Լրահոս