Երբ հոսանքահարվում է մի ողջ ժողովուրդ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ միաձայն որոշում կայացրեց` բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիները 1կվտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն ոչ թե 38.85՝  այլ 41.85 դրամ ցերեկային, 28.85-ի փոխարեն՝  31.85 դրամ էլ` գիշերային ժամերի համար:

ՀԾԿՀ երեկվա նիստն ուղեկցվեց բողոքի ակցիաներով. մեծ թվով քաղաքացիներ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, տարբեր կուսակցությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ հավաքվել էին ՀԾԿՀ շենքի մոտ` պահանջելով չգնալ այդ քայլին: «Ինչու պետք է մասնավոր ընկերության` ՀԷՑ-ի գործած սխալների համար մենք ազգովի վճարենք»՝ ահազանգում էին հավաքվածները, սակայն հանձնաժողովը «հերոսաբար» որոշեց բարձրացնել էլէներգիայի վարձավճարը, ինչից հետո Սերժ Սարգսյանը դիմեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով եղանակներ գտնել՝ մեղմելու սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:

Եվ հիմա կառավարությունը պետք է մշակի շուրջ 105 հազար ընտանիքի նպաստի չափն ավելացնելու մասին որոշման նախագիծ: Տեղի ունեցածն այլ կերպ, քան էժան աչքակապություն, դժվար է որակել: Իշխանությունները մի կողմից՝ բարձրացնում են էլեկտրաէներգիայի սակագները, մյուս կողմից՝ Ս.Սարգսյանն այն դարձնում է առիթ` իր PR-ն անելու համար` իբր թն մտահոգված է:

Սակայն, խնդրով մտահոգվելու լավագույն վկայությունը այն կլիներ, եթե նա հետաքրքրվեր, օրինակ, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի  Բիբինի աշխատավարձի  չափով, ով ցինիկաբար հայտարարեց, թե իր՝ մոտ 4 մլն դրամ աշխատավարձի չափը որեւէ մեկի խնդիրը չէ:

Դե իհարկե, մենք առանց այդ էլ մտածելու շատ բան ունենք. օրինակ՝ թե ինչպես ենք դիմակայելու դոմինոյի էֆեկտով սպասվող մյուս ապրանքների թանկացումներին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս