ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ք
«100%-անոց համամասնական ընտրությունների անցնելու նախագծի քննարկումը խորհրդարանական ընտրությունների նախօրյակին համոզեց բոլոր քաղաքական ուժերին եւ ամեն մի քաղաքացու, որ իրենք իրավազրկված ու վտանգված են մնալու Հանրապետական կուսակցության ու նրա պարագլուխ Ս.Սարգսյանի ռեժիմի պայմաններում: Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, ողջ ժողովրդին` համախմբվել եւ ամեն ինչ անել խորհրդարանական այս ընտրություններում Հանրապետական կուսակցության ավազակապետական ռեժիմից ազատվելու համար»,-ասված է ՀԱԿ-ի երեկ տարածած հայտարարությունում:
ՄԻԱՑԱՆ
Միավորված աշխատանքային կուսակցության ութերորդ համագումարում հայտարարվել է, որ առաջիկա ընտրություններում ՄԱԿ-ը միավորվում է ԲՀԿ-ին: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նշել է, որ իրենց գաղափարներին ամենամոտը ԲՀԿ-ն է: Իր հերթին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի հետ միասին իրենք կյանքի կկոչեն իրենց ծրագրերը
ՑՐՈՒՄ Է
7օr.am-ը վերջերս տեղեկացրել էր, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը որսի ժամանակ սխալմամբ կրակել է իր թիկնապահի ոտքին: Սակայն լրատվամիջոցի հարցին ի պատասխան` վարչապետը վստահեցրել է, թե «չի սիրում որսորդությունը եւ վերջին տասը տարին որսորդությամբ չի զբաղվել»: Տ.Սարգսյանը մանրամասնել է, որ այցելել է հիվանդանոց եւ Արմեն Զատիկյանն իրեն պատմել է, որ կիրակի օրն իր ընտանիքի որոշ անդամների հետ գնացել է որսի եւ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Թե կոնկրետ ինչ պատահար, վարչապետը չի պարզաբանել:
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
ՀՌԱԿ հանրապետական վարչությունը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության կողմից որպես կասկածյալ ձերբակալվել է ՀՌԱԿ նորընտիր ատենապետ Կարեն Կակոյանը: «Հայաստանի քաղաքացիների համար մեծ ուրախություն կլիներ, եթե հարկատուների հաշվին իր գոյությունը պահպանող դատախազական-ոստիկանական համակարգը սրտացավություն ցուցաբերեր օֆշորային ընկերության կողմից տանուլ տված պետական ունեցվածք հանդիսացող «Նաիրիտ» գործարանի նկատմամբ, որի մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարարը` ապացուցելով Հարություն Առաքելյանի ահազանգերը գործարանի կորստի եւ հազարավոր նոր գործազուրկների ի հայտ գալու մասին: Հանրության համար պարզ է, որ ««Նաիրիտ»-ի գործով» տասնյակ բացահայտումների պատճառով ՀՌԱԿ-ի հանդեպ իրականացվում է «պետականորեն» կազմակերպված հաշվեհարդար»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չի հավատում, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարող է սոցիալական կայքում աղջիկ «կպցնել»: Մինչդեռ Facebook-ում Աննա Ս. անունով մի օգտատեր օրերս իր էջում տեղեկացրել էր, որ ամուսնացած եւ երեք երեխայի հայր նախարարը, այն էլ աշխատանքային ժամերին, իրեն «կպցնում է» եւ ամեն օր նամակներ գրում` չնայած իր մերժումին: