ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Վաշինգտոնը համոզել Ուկրաինայի իշխանություններին իրենց քաղաքական կուրսի կործանարար լինելու մեջ:
Հուլիսի 1-ին Լավրովի և Քերրիի հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ. տեղեկացնում է Интерфакс-ը:
Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից զինադադարը չերկարացնելու որոշումը խափանում է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացումը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ անթույլատրելի է սատարել Կիևին` երկրի հարավ-արևելքում բողոքների դեմ ուժային մեթոդներով պայքարելու հարցում:
Խոսակցության ընթացքում նշվել է, որ շահագրգիռ կողմերը պետք է համատեղ ուժերով հասնեն կրակի անհապաղ և երկարատև դադարեցմանը, սուր հումանիտար խնդիրների լուծմանը, հակամարտող կողմերի իրական բանակցությունների վերսկսմանը:
Քերրին վստահեցրել է, որ կարևորում է այդ նպատակները, սակայն դրանց հասնելու գործում առկա են տարաձայնություններ ուղիների ընտրոթյան և դրանց հասնելու հարցում: