Ա՜Խ ԱՅԴ ՉԱՐԱՃՃԻ ՍԱՐԿՈԶԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին Գյումրու ծննդատանը լույս աշխարհ եկած Սարկոզին կմնա  Սարկոզի` անկախ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կայացրած որոշումից: Սա հերթական անգամ հայտարարեցին Առափի համայնքի բնակիչ Սարկոզիի հարազատները: Նրանց հատկապես զայրացրել էր լրագրողների զանգերի տարափը. «Գիտեք էսօր ինչքա~ն մարդ է զանգել: Էլի հայտարարում եմ, որ անվանափոխություն չի լինի, որովհետեւ էրեխու անունը Սարկոզի ենք դրել` ելնելով հայրենասիրական մղումներից»,-նշեց Սարկոզիի պապը` Պետրոս Ավետիսյանը: Փոքրիկի հարազատները թեեւ մտահոգված են Սահմանադրական խորհրդի որոշումից, բայց դեռեւս հույսեր են փայփայում, որ ամեն ինչ առջեւում է, եւ Սարկոզիի անունը, ավելի ճիշտ ազգանունը, փոքրիկի պապի անվան փոխարեն դնելը արդարացված որոշում էր: Սարկոզիի մայրիկը` Նառա Ավետիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Չենք հրաժարվելու անունից, քանի որ դրել ենք, հիմնական էլ մնալու է: Անունը մեզ դուր է գալիս, սովորել ենք  արդեն: Հետո էլ մեկ ամիս շարունակ այդ անունն ենք տվել, ի՞նչ իմաստ ունի հիմա փոխելը»: Պարզվեց, փոքրիկի հարազատները ոչ թե անվան համար են տխրել, այլ որ Սահմանադրական խորհուրդն օրինագիծը հակասահմանադրական է ճանաչել. «Չէինք ուզենա, որ այդպես լիներ, բոլորս էինք ուզում ու սպասում, որ ընդունվեր օրինագիծը: Բայց որ չեղավ` ինչ արած: Մենք մեր որոշումը չենք փոխում»:
Փոքրիկի մայրիկից նաեւ տեղեկացանք, որ Սարկոզին, որին նաեւ Սարկ են ասում, շատ չարաճճի է, բայց իրեն լավ է զգում եւ առողջ է: Փոքրիկ Սարկոզիին անհոգ մանկություն ցանկացանք եւ ավարտեցինք մեր զրույցը որոշումից անակնկալի եկած Սարկի հարազատների հետ:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս