«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ` ժամը 9:30-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի դիտակետում կրկին ժամկետային զինծառայող է մահացել: Պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ 19-ամյա Տիգրան Վանոյի Վարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից է կրակել: Ըստ շրջանառվող տեղեկությունների` Տիգրանն ինքնասպան է եղել անձնական խնդիրներ ունենալու պատճառով: Երեկ` ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Տիգրանի հարազատների հետ, սակայն վերջիններս հրաժարվում էին որեւէ բան խոսել` նշելով, որ որեւէ բանից տեղյակ չեն եւ սպասում են, մինչեւ Տիգրանի սպայական անձնակազմն իրենց կտեղեկացնի, թե իրականում ինչն է եղել նրա մահվան պատճառը: Մեր տեղեկություններով` Տիգրանն Աբովյան քաղաքից է, փորձեցինք Աբովյանի զինկոմիսարիատից տեղեկանալ, թե ինչն է եղել Տիգրանի մահվան պատճառը, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել` հավելելով, որ որեւէ տեղեկություն այդ պահին չունեն: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ փաստի առթիվ դեռեւս քրեական գործ չի հարուցվել:
ԼՂՀ-ՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ