Որոշ վարդենիսցիներ հրաժարվում են Գ. Ծառուկյանի օգնությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Ուժեղ փոթորկի պատճառով քաղաքի մի քանի տներ փլվել էին:

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Վարդենիս է ուղարկվել տանիքների համար նախատեսված «շիֆեր»` 15 բեռնատար ավտոմեքենայով:

Այս պահին բեռնատարները քաղաքի կենտրոնում են, և ինչպես մեզ հայտնեցին մի քանի բնակիչներ, Ծառուկյանն ուղարկել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին, որի անդամները մարդկանց հայտնել են, թե օգնություն կցուցաբերեն միայն այն դեպքում, եթե մարդիկ տեսախցիկի առաջ հայտարարեն, որ կառավարությունից այդպես էլ օգնություն չստացան, և իրենց օգնելու եկավ ԲՀԿ առաջնորդը:

Բնակիչները մեզ նաև հայտնեցին, որ ոմանք հրաժարվել են այդ կերպ օգնություն ստանալուց` նշելով, որ երեկ իրենց տներ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և խոստացել է, որ կառավարությունը կփոխհատուցի վնասները, հետևաբար, հիմա իրենք սպասում են կառավարության օգնությանը:

Հիշեցնենք, որ քաղաքի բնակիչները մի քանի անգամ փակել էին քաղաք տանող ճանապարհները և պահանջում էին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպում:




Լրահոս