Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում դեմ աևտահայտվեցին ոչ իշխանական չորս ուժերը: Նրանք ներկայացրին որոշման հակափաստարկները:
Մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կան բազմաթիվ ռեզերվներ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու համար, օրինակ՝ ՀԷՑ-ի վնասները 3 տարվա ընթացքում փակվում են, 30 տոկոսը պետությունը վերցնում է իր վրա:
Նրա խոսքով` կարելի է քննարկել ՀԷՑ-ի գերշահույթին և ամորտիզացիային վերաբերող հարցերը: Մելքումյանը հնարավոր է համարում նաև շահույթի շեմը իջեցնելու հարցի քննարկումը, քանի որ էներգետիկ ոլորտի ընկերություններում կա կայուն բարձր շահութաբերություն:
Միքայել Մելքումյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացնելու համար կարելի է քննարկել նաև համակարգում կորուստների հարցը, որ հասնում է 16 տոկոսի: Ըստ նրա՝ կորուստները միայն 3-4 տոկոսով կրճատելը կմեղմի սակագների բարձրացումը: