ՍԵՎԱՆԻ ՏԻՐԱԿԱԼԸ, ՈՎ ՄԻՇՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանին «չեն թողնում» կարգին աշխատի: Անընդհատ խանգարում են, ներքաշում տարբեր պատմությունների մեջ, նրանից անգամ երես են թեքում իր բարեկամները` Խաչատուր Սուքիասյանի գլխավորությամբ: Իր իշխանությունն անհոգ  վայելելու համար մարդը հրաժարվեց ՀԱԿ-ի անդամությունից եւ նետվեց նախագահական կուսակցության գիրկը, սակայն էլի հանգիստ չեն տալիս…
Գեւորգ Մալխասյանն իրեն Սեւանի լիիրավ տերն է համարում ուղղակի եւ անուղղակի իմաստներով, որովհետեւ բնիկ սեւանցի է, այստեղ է ծնվել ու մեծացել: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո գնացել է բանակ, պարտքը տվել հայրենիքին ու վերադարձել: Հետո էլ սովորել է Երեւանի Ալ.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի «Հիդրոտեխնիկական շինարարություն» բաժնում` ստանալով հիդրոտեխնիկի մասնագիտություն: Չնայած հիդրոտեխնիկի մասնագիտությանը` ուղիղ 10 տարի աշխատել է Սեւանի «Հացամթերքների արտադրական միավորում»-ում` որպես վարպետ, քանի որ այստեղ հնարավոր է եղել լավ գումարներ վաստակել, նաեւ լուծել «կողմնակի եկամուտների» հարցը: Աչքաբաց ու ժրաջան հիդրոտեխնիկ-հացագործին հետո էլ հնարավորություն է տրվել աշխատել Սեւանի «Հացամթերքների արտադրական միավորում» ՍՊԸ-ում` որպես գործադիր տնօրեն:
Հավանաբար, շատ չենք տեսել տեխնիկումի կրթությամբ տնօրենների` հատկապես անկախ Հայաստանում: Ավելին, ընդամենը տեխնիկումի կրթությամբ այս մարդը 2001-ին ստացել է Ռուսաստանի բնական եւ հասարակական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: 2002-ին էլ ընտրվել է նույն ակադեմիայի ակադեմիկոս: Ընդ որում, այս ակադեմիկոսը դեռեւս համարվում էր կոոպերատիվ հիմունքներով գործող Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի Երեւանի մասնաճյուղի հեռակա բաժնի ուսանող: Ստացվում է, որ ՍՊԸ տնօրենը` միջնակարգ-մասնագիտական կրթությամբ,  եւ կոոպերատիվ բուհի ուսանողը 2002-ի հոկտեմբերի 27-ին ընտրվել է Սեւանի քաղաքապետ: Այսքանը բավական է` Գեւորգ Մալխասյանին դարի «ունիկումներից» մեկը համարելու համար:
Քաղաքապետ դառնալուց հետո չափազանց լարվեցին Գեւորգ Մալխասյանի եւ Իշխան Զաքարյանի հարաբերությունները: Դեռեւս ԱՕԿ-ի եւ ՀՀ սպորտկոմիտեի նախագահի պաշտոնում աշխատելու շրջանում Իշխան Զաքարյանը «մուռ պահեց» Մալխասյանի հանդեպ ու երբ դարձավ Վերահսկիչ պալատի նախագահ, ստուգումներ կատարեց եւ բացահայտեց բազմաթիվ խախտումներ: ««Սեւան» ազգային պարկի հողերից 47 հա, քմ-ն` տարեկան 14 դրամ վարձավճարով ¥ամսական` 1,2 դրամ), տրվել է Արայիկ Հայրապետյանին, կառուցվել է «Լավանդա սիթի» քաղաքը` 1908 մետր նիշից ցածր, որի իրավունքը չուներ, կառավարության որոշում է խախտվել: Ըստ որոշման` 1908 մ նիշից ցածր պետք է լինի միայն ոչ կապիտալ շինություն, այսինքն` շարժական, որպեսզի ցանկացած պահի կարողանան տեղափոխել: Սեւանի քաղաքապետը տվել է թույլտվություն` շինարարություն իրականացնելու համար: Կառավարության որոշումն ասում է, որ հողատարածքը պետք է 3-5 տարով վարձակալության տալ, տրվել է 50-60 տարով: Բացի այդ, ձեւակերպումների մեջ, երբ սկսել են վաճառել, գներն արհեստականորեն իջեցվել են, որպեսզի խուսափեն հարկումից: Այդ տնակների շուկայական արժեքը 40-60 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում է տատանվում, իսկ վաճառքի եկամուտների մեջ մենք տեսնում ենք 1,5 մլն, 3 մլն, ամենաբարձրը, որ ցույց են տվել, եղել է 8 մլն դրամ»,-ասուլիսում հայտարարեց Իշխան Զաքարյանը:
Նույն օրը ՎՊ-ի խորհուրդը որոշում ընդունեց Սեւանի քաղաքապետարանում կատարված ստուգման նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու վերաբերյալ, ինչը դժվար թե աներ, եթե կատարվածում հանցագործության հատկանիշներ չտեսներ:
Եթե հարկային օրինախախտման հետ կապված հարցերը մի կողմ թողնենք, որոնց քննությամբ, ինչպես ս.թ. հունիսի 30-ին Ի.Զաքարյանը հավաստեց, զբաղվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ապա ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության արժանի խնդիրները, Սեւանի քաղաքապետարանի կողմից հանուն «Լավանդա սիթի»-ի կամ Արայիկ Հայրապետյանի թույլ տված խախտումների առնչությամբ, հետեւյալն էին. «Սեւանի քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը եւ ավագանին խիստ կասկածելի, կոռուպցիայի վերաբերյալ կասկածների տեղիք տվող շահագրգռվածություն դրսեւորելով` «Սեւան» ազգային պարկի, այսինքն` հատուկ պահպանվող տարածքի հողերից 47 հա վարձակալության են տվել Արայիկ Հայրապետյանին, Սեւանի քաղաքապետը տվել է շինարարության թույլտվություն, սակայն Արայիկ Հայրապետյանը կամ նրա «Լավանդա սիթիշին» ընկերությունը, խախտելով ՀՀ կառավարության որոշումը, 1908 մ նիշից ցածր իրականացրել է կապիտալ շինարարություն»: Իհարկե, հետագայում Մալխասյանը հայտարարեց, թե ինքը գործել է օրենքով, իսկ դատախազությունն էլ հանցակազմի բացակայության պատճառով կարճեց քրեական գործը:
 «Կարծում եմ` խնդիրը ծագել է այն ժամանակներից, երբ Իշխան Զաքարյանը սպորտկոմիտեի նախագահ էր` 2004-2005թթ.: Մենք ընդհարվեցինք Սեւանի սպորտբազայի սնանկացման ու նաեւ վաճառքի հողի վրա: Տեղի ունեցավ վիճաբանություն, քանի որ ես համաձայն չէի, որ սպորտբազան վաճառվի չնչին գումարով` 2 մլն 600 հազարով: Բացի այդ, մենք նրանից պահանջում էինք` իբրեւ սպորտկոմիտեի նախագահ, ետ վերցնել այդ անօրինական գործարքը: Սա է եղել վիճաբանության թեման: Այնպես որ, կարծում եմ` դա է պատճառը, որ մինչ օրս նա վրեժ է լուծում»,-այն ժամանակ ասել է Գեւորգ Մալխասյանը: Հետաքրքիր է, թե ինչու իրավապահ մարմիններն ու հենց Գեւորգ Մալխասյանը դատի չեն տվել Իշխան Զաքարյանին` զրպարտելու եւ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար… Հետաքրքիր է նաեւ այն, թե ինչու են անընդհատ Մալխասյանից դժգոհել Սուքիասյանները, որոնք Գեւորգին իրենց պատկանող ՍՊԸ տնօրեն էին կարգել, հետո էլ նպաստել, որ դառնա քաղաքապետ: Սեւանում պատմում են, որ ժամանակներ առաջ` նախընտրական մրցավազքի օրերին, Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող «Օրսետո» ռեստորանային համալիրում Գեւորգ Մալխասյանի դրդմամբ «շոու» է սարքվել` կրակոցներով, կռիվներով, որոնց մեջ է ներքաշվել քաղաքապետի մեկ այլ թեկնածու` Արա Սմբատյանը: Այսպես Մալխասյանը կամեցել է հեղինակազրկել մրցակցին եւ դուրս թողնել ընտրապայքարից:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս