Դատելով Սերժ Սարգսյանի կողմից արված դիվանագիտական նշանակումների տրամաբանությունից, կարելի է կարծել, որ նա յուրայիններին չնեղացնելու, երբեմն էլ լավություն անելու համար է որեւէ մեկին դեսպան նշանակում: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀ դեսպան: Այս նշանակումն ուշագրավ է այն պատճառով, որ Վարդանյանը սպորտի նախարար աշխատած ժամանակ, մեղմ ասած, իրեն խայտառակեց մասնագիտական ոլորտում եւ հիմա նրան դեսպան նշանակողին, թերեւս, իր ոճով պետք է հարցնել. լեգենդար մարզիկին նշանակում եք Վրաստանում ՀՀ դեսպան, որ ի՞նչ անի: Ընդգծենք, որ Վրաստանը Հայաստանի համար երրորդական նշանակություն ունեցող երկիր չէ: Մեր միակ քրիստոնյա հարեւանն է, որտեղով անցնում է Ռուսաստանի Դաշնության ու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհը: Ու եթե լեգենդար մարզիկը Վրաստանում էլ դրսեւորի իր նկրտումներն այնպես, ինչպես նախարարի պաշտոնում եղած ժամանակ, մեր երկրի համար «լեգենդար» ձախողումներն ապահովված կլինեն:
Ի դեպ, անգործ չթողնելու համար Սերժ Սարգսյանը շուտով դեսպանի կարգավիճակով ԱՄՆ կգործուղի նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս, ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ակտիվորեն զբաղված է անգլերենն ուսումնասիրելով: Իհարկե, նա գիտեր անգլերեն, ազատ հաղորդակցվում էր, սակայն հիմա կատարելագործում է իմացածը:
ԵԽԽՎ երեկվա նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը բավականին լարված մթնոլորտում է ընթացել: Հայկական պատվիրակության հատկապես իշխանական անդամներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նրանք ցանկացել են հարցեր ուղղել Ալիեւին, սակայն վերջին պահին հետ են կանգնել իրենց մտադրությունից՝ մտավախություն ունենալով, թե նա այդ հնարավորությունը կօգտագործի ՀՀ-ի դեմ խոսելու, նաեւ՝ Սերժ Սարգսյանին վարկաբեկելու համար: Փոխարենը, ըստ մեր աղբյուրների՝ հայկական պատվիրակությունը փորձել է իր կապերն օգտագործել այլ պատվիրակների միջոցով Ալիեւին սուր հարցեր տալու համար, ինչը եւ հաջողվել է: Ալիեւն այնքան է զայրացել, որ Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարային մեղադրել է իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերվելու, իսկ Մեծ Բրիտանիայի պատվիրակ Փոլ Ֆիլինին՝ սուտ խոսելու մեջ: Բացի այդ, հակաադրբեջանական հարցադրումներն արժանացել են ԵԽԽՎ շատ պատվիրակների ծափահարություններին:
«Ժողովուրդ»-ն օրերս ահազանգ է ստացել Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից այն մասին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող գերեզմանաքարերն ու շենքերի պատերը: Բացի այդ, ընկերությունը մտադիր է գերեզմանոցի հաշվին ընդլայնել հանքի տարածքը: Տեղեկացնենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի ու ներկրած պայթուցիկների միակ սպառողն է: Հիշեցնենք` հունիսի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, քանի որ կոմբինատի սեփականատերերը դժգոհություններ ունեն նրանից ու առաջիկայում կհեռացնեն: Երեկ Մ. Հակոբյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել: Սեփականատերերը աշխատավարձս բարձրացրել են, մի հատ նոր մեքենա են առել, իսկ պաշտոնս էլ մեկ աստիճան բարձրացրել են, որ իրենց ամբողջ բիզնեսը կառավարեմ»:
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքը նախկինում լարված իրավիճակ էր ստեղծել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների մոտ։ Բանն այն է, որ այդ օրինագծով նվազելու էին դատավորների կենսաթոշակները: Փոխարենը բարձրանալու էր Սահմանադրական դատարանի անդամների կենսաթոշակը: Դեռեւս 2 ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրենց մշուշոտ ապագայով մտահոգ դատավորները մեկօրյա գործադուլ կանեն, եթե իրենց պահանջները չկատարվեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության պետ Սարգիս Թորոսյանը մանրամասնեց, որ ԱԺ ներկայացված նոր օրինագծի համաձայն, նոր նշանակված դատավորները, կամ երկու-երեք տարի պաշտոնավարողները կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով եւ չափով. «Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում»: Այսինքն` ապահով ծերություն ունենալու համար այսօր դատավոր դառնալն այլեւս անհեռանկար է: