ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑՈՂԻԿ Է, ՊԱՇՏՈՆԸ՝ ՄՆԱՅՈՒՆ
Սույն թվականի հունիսի 9-ին ԱԺ-ն որոշում կայացրեց՝ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին նշանակել ՀՀ ՍԴ անդամ: Այդ որոշումից անցել է մոտ քսան օր, սակայն նախագահականի կայքում Թունյանը շարունակում է ներկայացվել որպես իրավաբանական վարչության պետ, ինչը, սակայն, ոչ միայն անհնար է, այլեւ հակասահմանադրական, քանի որ ՍԴ անդամն իրավունք չունի զբաղեցնել որեւէ այլ պետական պաշտոն: Նշենք, որ նրա նշանակումից հետո նախագահականի իրավաբանական վարչության պետի պաշտոնը թափուր է մնացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք չունեն համապատասխան թեկնածու:
ՕԵԿ-ԻՑ ՀԵՌԱՑՐԻՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի օր առաջ ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշում է կայացվել՝ ՕԵԿ շարքերից հեռացնել ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Բոթոյանին: Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ հայտարարեց ՕԵԿ շարքերը լքելու իր որոշման մասին: Հայտարարությունից օրեր անց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ բարձրացնել Կարեն Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը: Երեկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Ի.Խաչատրյանը կուսակցությունում բարձրացրել է Բոթոյանին հեռացնելու հարցը, եւ քաղխորհրդի անդամները նրան ՕԵԿ շարքերից հեռացրել են: Ի դեպ նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը Ծաղկաձորում ՀՀԿ-ականների հավաքույթին մասնակցել է նաեւ Կարեն Բոթոյանը: Փաստորեն պատգամավորը ծանր չի տարել իրեն հեռացնելու փաստը:
ՄԻ ԱՐՁԱՆԸ ՉԴՐԱԾ, ՄՅՈՒՍՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ
Երեկ «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Երեւանի ավագանու նիստում առաջարկել է օրակարգից հանել Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Հայրենական մեծ պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Մարշալ Բաբաջանյան փողոցին հարող զբոսայգում տեղադրելու վերաբերյալ հարցը: Ի հակադրություն այդ առաջարկի՝ թե՛ գլխադասային հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանը, թե՛ ավագանու մի շարք այլ անդամներ իրենց ելույթներում նշել են, որ նման արձան Երեւանում եղել է եւ ԼՂՀ ղեկավարության խնդրանքով տեղափոխվել է Արցախ՝ հետագայում այլ արձան ունենալու պայմանով: Ըստ այդմ, չնայած «Բարեւ Երեւան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, այդուամենայնիվ, քվեարկության մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել մարշալ Բաբաջանյանի արձանի տեղադրման առաջարկին: