Դեռեւս 2012 թվականից Հայաստանում քննարկվում էր կուսակցությունների խոշորացման, միավորման հարցը, որի իրագործումն իր վրա էր «վերցրել» ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս մտադրություն ուներ մի քանի կուսակցություններ` ԱԺԴ (Ազգային ժողովրդավարների դաշինք), ԱԺԿ (Ազգային ժողովրդավարական կուսակցություն), ՀԺԱՄ (Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն) եւ ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունները միավորել ու ձեւավորել քաղաքական նոր ուժ, որն էլ հետագայում կհանդիսանար իր քաղաքական հենարանը: Այդ ծրագիրը, սակայն, չհաջողվեց: Թե ինչու` այսօր արդեն դժվար է հստակ ասել. արդյոք նախկին վարչապե՞տը չցանկացավ բավարար ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, թե՞ նրան դա պարզապես թույլ չտրվեց, այլեւս էական չէ: Փաստն այն է, որ այսօր այդ կուսակցությունները գործում են առանձին-առանձին, թեեւ` նրանցից մի քանիսի դեպքում գործել ասվածը, թերեւս, չափազանցություն է:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդավարական ազատական միության` ՀԺԱՄ-ի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ՝ պարզելու, թե ինչու կուսակցությունների խոշորացման ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ:
-Պարոն Մկրտչյան, ժամանակին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադրություն ուներ միավորել մի քանի կուսակցություն, որոնցից մեկը նախկինում Ձեր ղեկավարծ կուսակցությունն էր` ՀԺԱՄ-ը: Ինչո՞ւ այդ միավորումը չկայացավ:
-Նախաձեռնությունը եղել է անձամբ իմը եւ Վազգեն Մանուկյանինը: Դա եղել է 2011 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, որը մենք քննարկել ենք ե՛ւ Շավարշ Քոչարյանի, ե՛ւ Արշակ Սադոյանի հետ: Մենք 4-ով հավաքվել ենք ու քննարկել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ վերամիավորվելու ու ԱԺՄ-ի լոգոյի տակ հանդես գալու ծրագիրը: Բայց այդ ամենը կիսատ մնաց:
-Իսկ ինչո՞ւ կիսատ մնաց:
-Դե, 4 տարբեր կուսակցություններ էին, չնայած որ իրենք նույն արմատներն ունեին` ԱԺՄ-ից էին առաջացել, կային տեխնիկական հարցեր: Գաղափարական տարաձայնություններ չունեինք, բայց այդ միավորման տեխնիկական հատվածը շատ էր, ժամանակատար էր, իսկ մենք ցանկանում էինք` արագացված լիներ, որպեսզի ընտրություններին մասնակցելու խնդիրը լուծեինք: Եվ այդ 4 վերամիավորվածով չէինք հասցնում 2012 թվականին այդ գործընթացն ավարտել, դրա համար էլ կիսատ մնաց: Համենայնդեպս, ես այժմ ՀՀԿ խմբակցությունում եմ ու այդ առումով գոնե նախաձեռնություն չեմ կարող ցուցաբերել:
-ՀԺԱՄ-ը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության լուծարման մասին հայտարարություն էր տարածել: Այժմ ՀԺԱՄ-ն ի՞նչ կարգավիճակում է, կուսակցությունն այլեւս գոյություն չունի՞:
-ՀԺԱՄ-ը դե յուրե գոյություն ունի:
-Այսինքն՝ կուսակցությունը տարածքային գրասենյակներ, անդամներ ունի ու գործունեությունը կասեցված չէ՞:
-Այո, կուսակցությունը գրասենյակներ ունի, հանրապետության տարբեր տարածքներում այս պահի դրությամբ մոտ 20 գրասենյակ գործում է: Այժմ կուսակցությունը ղեկավարում է Աշոտ Ավալյանը, բայց ես տեղեկություն ունեմ կուսակցության մասին, քանի որ ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ենք ունենում:
-Տեղեկություններ կան, որ առաջիկայում մտադրություն կա ՀԺԱՄ-ը միավորել ՀՀԿ-ի հետ, կա՞ իրականում նման ծրագիր:
-Չի բացառվում, դա քաղաքական գործընթաց է, որպեսզի ՀԺԱՄ-ը միավորվի Հանրապետական կուսակցությանը: Իսկ դա եղել է, սկսված է 2012 թվականից, երբ ես ինքս անդամակցեցի Հանրապետական կուսակցությանը: Այդ ժամանակվանից միավորման գործընթացը սկսված է, բայց դա դեռեւս դե յուրե ձեւակերպում չի ստացել:
-Բայց մի՞թե ՀԺԱՄ-ն ու ՀՀԿ-ն նույն գաղափարախոսությունն ունեն, որի արդյունքում պետք է միավորվեն:
-Հետաքրքիր հարց եք տալիս, բայց դրա պատասխանը շատ ընդգրկուն է ու շատ երկար կլինի պատասխանը: Մյուս կուսակցությունների հետ, երբ ցանկանում էինք միավորվել, գաղափարական որեւէ լուրջ տարաձայնություն չունեինք, բայց կային որոշակի խնդիրներ պետական կառավարման մոդելի շուրջ: Այ հիմա, քանի որ սկսված են Սահմանադրական բարեփոխումները, որի հայեցակարգն արդեն կա, այդ ամենին մեր ՀԺԱՄ կուսակցությունը շատ կողմ էր ու սա կարող է այն հզոր երաշխիքներից մեկը հանդիսանալ, որ համագործակցությունն ավելի արագ ստացվի:
-Իսկ Դուք այժմ ինչպե՞ս եք Ձեզ զգում ԱԺ ՀՀԿ խմբակցությունում, կարողանո՞ւմ եք անկաշկանդ գործունեություն ծավալալել:
-Այո, շատ լավ:
-Դուք Ձեզ վատ չե՞ք զգում, որ ամեն անգամ ՀՀԿ-ն քվեարկություններն անցկացնում է օրենքի խախտումներով: Ամենաթարմ օրինակը Կուտակային կենսաթաշակային համակարգի մասին օրենքի` վերջին քվեարկությունն էր, որի վերաբերյալ նաեւ Քառյակը հայտարարություն տարածեց: ՀՀԿ-ի նման գործելաոճը Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Ես նիստերի ժամանակ ներկա եմ եղել ու իրականում նման բան չի եղել: Տաբլոյով ցույց է տրվել ընդդիմության ներկայացուցիչներին, որ որեւէ օրենքի խախտում չի եղել: Էդուարդ Շարմազանովը հրապարակել է ամբողջ քվեարկության արդյունքները, դա ընդամենը փոքրիկ հնարք է ընդդիմության կողմից, որպեսզի ցույց տան, թե իրենք հավատարիմ են «Դեմ եմ» շարժմանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ