ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔԱՌՅԱԿԸ ՔԱՌԱՏԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Քառյակը երեկ հանդես է եկել իշխանություններին ուղղված նոր պահանջներով՝ մասնավորապես իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, պատասխանատվության կանչել մեղավորներին, նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման կանխատեսելի համակարգ, իսկ մինչ այդ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը: Միաժամանակ Քառյակը դատապարտում է հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության ապօրինի գործողությունները:

ՀԱՆԴԻՊԵԼ Է

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը եւ միջանկյալ արդյունքները: Առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով: Սերժ Սարգսյանը կարեւորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաեւ երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը:

ՆՇԱՆԱԿԵԼ Է

Սերժ Սարգսյանի հրամանով, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի կողմից առաջարկված Գեորգի Մարտիրոսյանը` վեց տարի ժամկետով, եւ Նունե Հովհաննիսյանը` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջարկված՝ վեց տարի ժամկետով:

15 ՐՈՊԵ ԱՆՎՃԱՐ ԿԱՆԳԱՌ

Երեկ Երեւան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ քննարկվեց ավտոկայանատեղիների վերաբերյալ որոշումներում որոշակի փոփոխություններ կատարելու հարցը եւ առաջարկվեց տեղական տուրքի գանձման համար սահմանված 5 րոպեն դարձնել 15 րոպե: Այսինքն՝ վճարովի ավտոկայանատեղիներում տեղական տուրքն այսուհետ պետք է վճարվի 15 րոպե կայանելուց հետո միայն:

ՓԱԿԵԼ ԷԻՆ

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում: Բնակիչները փակել էին Երեւան-Էջմիածին ավտոճանապարհը: Արդեն մի քանի օր է՝ նշված գյուղի բնակիչները զրկվել են ջրից, որոշներն էլ պնդում են, որ իրենց տներում խմելու ջրի փոխարեն ծորակից հոսում է կոյուղաջուր: Գյուղացիները մոտ 20 րոպե ճանապարհը փակելուց հետո այն բացել են՝ խոստանալով, որ եթե մոտ ժամանակում ջրի խնդիրը չլուծվի, ապա իրենք դիմելու են ծայրահեղ քայլերի:




Լրահոս