Armenian text to speach

ԶԱԳՍ-ՈՒՄ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախկինում դատապարտված, փսիխոպաթիա հիվանդությամբ տառապող Հայկ Դավթյանը, ով ընդամենը մի քանի տարի առաջ էր ընտանիք կազմել Աստղիկի հետ ու համատեղ կյանքում երկու երեխա ունեցել, հանկարծ սկսել է կասկածել կնոջը դավաճանության մեջ:
Թեեւ այդ փաստը հավաստող ապացույց չի ունեցել ու հետագայում էլ չի կարողացել դատարանում ապացուցել, այդուհանդերձ, կնոջ վարքագծից համոզված է եղել, որ նա իրեն դավաճանել է: Եւ 2 տարի համերաշխ ապրելուց հետո ամուսինների հարաբերությունները սրվել են, եւ հաճախակի վիճաբանություններ առաջացել: Քանի որ երկուսի ջուրն այդպես էլ մի առվով չի գնացել, ի վերջո որոշել են ամուսնալուծվել: 2011թ. ապրիլի 2-ին գնացել են Շենգավիթի տարածքային ՔԿԱԳ բաժին (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին), որտեղ ամուսնալուծվելու մասին դիմում են ներկայացրել: Հաշտվելու համար նրանց 1 ամիս ժամանակ է տրամադրվել: Այդ մեկ ամսվա ընթացքում նրանք միասին չեն ապրել ու չեն հաշտվել: Աստղիկը բնակարան է վարձակալել ու երեխաների հետ տեղափոխվել այնտեղ: Հայրը չի իմացել բնակարանի տեղը, քանի որ Աստղիկը փոխել է նաեւ իր հեռախոսահամարը, եւ նրանից չի կարողացել իմանալ տան տեղը եւ տեսակցել երեխաներին:
Ըստ Հայկի ցուցմունքի` հենց այդ հանգամանքն էլ զայրացրել է իրեն: Եւ մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, երբ մայիսի 2-ին` ժ. 14:00-ին, նրանք կրկին ներկայացել են ՔԿԱԳ բաժին, Հայկը որոշել է հաշվեհարդար տեսնել կնոջ նկատմամբ` վնասել նրան կամ դեմքին անջնջելի հետք թողնել: Գնացել է ՔԿԱԳ բաժին, որտեղ հանդիպել է Աստղիկին եւ նրա մորը` Անժելային: Նախ Աստղիկից հետաքրքրվել է, թե ինչու է նա խոչընդոտում երեխաներին տեսակցելու հարցում, որից հետո իր մոտ գտնվող դանակով, ինչպես ինքն է պատմել, երկու անգամ հարվածել է կնոջ ձեռքին ու հեռացել: Իսկ դատարանում չի ընդունել մեղքը եւ ասել է, որ կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել, հակառակ դեպքում ոչ ոք չէր կարող իրեն խանգարել: Մինչդեռ քրեական գործը հարուցվել է սպանության փորձի ու դիտավորությամբ առողջությանը թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու փաստերով, քանի որ նրա դանակի հարվածները վնաս են պատճառել ոչ միայն Աստղիկին, այլ նաեւ նրա մորը` Անժելային:
Քրգործի նյութերից տեղեկանում ենք, որ Հայկը կնոջը սպանելու դիտավորություն ունեցել է. ըստ Աստղիկի պատմածի` շենք մտնելիս տեսել է մոտեցող Հայկին եւ նրա քայլվածքից հասկացել, որ խմած է: Արդեն ՔԿԱԳ բաժնում մոտեցել է Հայկը եւ իրեն հարցրել, թե ինչու է անջատել բջջային հեռախոսահամարը եւ խոչընդոտներ ստեղծել երեխաներին տեսակցելու հարցում: Տեսնելով, որ Հայկը խմած է, կինը չի ցանկացել վիճելու առիթ տալ եւ խոստացել է երեկոյան միացնել հեռախոսահամարն ու նրան հնարավորություն տալ խոսելու երեխաների հետ: Սակայն այդ ժամանակ Հայկն ասել է. «Արդեն ուշ է, հիմա պետք է մեռնես»: Այդ պահին էլ նա իր մոտ գտնվող ծալովի-սեւեռվող, շեղբով, գրպանի դանակով փորձել է հարվածել Աստղիկի կրծքավանդակի ձախ կեսին` այդ ընթացքում բղավելով` մեռի՛: Աստղիկը, նկատելով դանակն ու հարվածի ուղղությունը, թեքվել է, սակայն չի կարողացել հարվածից խուսափել. աջ բազուկով է փորձել կանխել եւ հարվածից ձեռքն է վնասվել: Այդ ժամանակ Հայկը հետեւից մի ձեռքով բռնել է Աստղիկի պարանոցից` նրան թիկունքով սեղմելով իր կրծքավանդակին, որպեսզի չկարողանա դիմադրել, իսկ մյուս ձեռքով դանակով մի քանի անգամ հարվածել է կնոջ կրծքավանդակի աջ կեսին: Այդ պահին միջամտել է Աստղիկի մայրը եւ դստերը փեսայի ճանկերից ազատելիս ինքն էլ առողջության թեթեւ քայքայումով վնասվածք ստացել: Իսկ Աստղիկի վիճակն ավելի վատ է եղել. նա դանակի երկու հարված է ստացել աջ բազկի շրջանում, երկու հարված` կրծքավանդակին, որոնք առաջացրել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Արդեն դատական վիճաբանությունների փուլում փեսան եւ զոքանչը հաշտվել են, եւ այդ հիմքով մեղադրանքի` թեթեւ վնասվածք պատճառելու մասով կողմերը եկել են հաշտության, եւ քրեական հետապնդումն այդ մասով դադարեցվել է, իսկ սպանության փորձի համար Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Դավթյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման` կնոջ դեմքին անջնջելի հետք թողնելու ցանկության, բայց իրականում սպանության փորձի համար:   

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ



Լրահոս