«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. փետրվարի 14-ին գրել էր, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքը լարված իրավիճակ էր ստեղծել ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչների մոտ: Փոփոխության ենթարկված օրենքը նույնպես երաշխիքներ չի խոստանում դատավորների համար եւ կրքերը դեռ չեն հանդարտվել, քանի որ նոր օրենքով սահմանվում է առավել նվազ կենսաթոշակ:
Ազգային ժողովի փետրվարի 4-ին ընդունած օրենքների համաձայն՝ ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրանալու է մինչեւ 450-500 հազար դրամ: Հենց այս փոփոխությունն էլ առաջացրել էր ՀՀ դատական համակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչների զայրույթը: Ավելին՝ այս հարցի առնչությամբ դատավորները դիմել էին համաշխարհային ու եվրոպական դատավորների միությանը՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը:
«Ժողովուրդ»-ի խմբագրությունում էր հայտնվել այդ նամակի պատճենը, որտեղ ասված էր. «Օրենքում ողջամիտ որեւէ պարզաբանում չկա այն մասին, թե ինչ նպատակով է «բարձր կենսաթոշակ» ստանալու դատավորի իրավունքը, այսինքն՝ դատավորների անկախության սոցիալական երաշխիքն, ըստ էության, վերացվել, եւ ինչ նպատակով է որոշվել դա տարածել ոչ թե օրենքի ընդունումից հետո դատավոր դարձած անձանց, այլ մինչ այդ արդեն երկար տարիներ դատավոր ծառայած անձանց նկատմամբ»:
Դատավորները հանգիստ չէին նստել եւ նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վարչապետը 2014թ. ապրիլի 3-ին հրաժարական ներկայացրեց, իսկ ահա նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 2 ամիս շարունակ դատավորներին տանջող հարցին, ըստ երեւույթին, փորձեց պատասխան տալ: Ըստ այդմ, ապրիլի 28-ին, ՀՀ կառավարությունը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ուղարկում Ազգային ժողով: Արդյունքում հունիսի 10-ին առաջին ընթերցմամբ՝ 96 կողմ, 9 դեմ, 7 ձեռնպահ ձայների բաշխմամբ, օրինագիծն ընդունվեց եւ կգօրծի այս տարվա հուլիսի 1-ից: Այս օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության պետ Սարգիս Թորոսյանը նշեց, որ ըստ նոր օրինագծի՝ այն դատավորները, ովքեր նոր կնշանակվեն կամ, ենթադրենք, երկու-երեք տարի է, ինչ պաշտոնավարում են, նրանք կենսաթոշակ կստանան նոր օրենքի սահմանված կարգով եւ չափով. «Իսկ այն դատավորները, ովքեր 30 տարի է, ինչ պաշտոնավարում են, կշարունակեն պահպանել կենսաթոշակի այն չափը, որը կար նախկինում: Այսինքն՝ երկար տարիներ աշխատած դատավորների կենսաթոշակը չի նվազեցվի եւ նրանք կենսաթոշակ կստանան նախկին կարգով, իսկ նորանշանակների դեպքում կգործի նոր օրենքը»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորների մի հատվածն առայժմ գոհ է նոր օրինագծի փոփոխությունից, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ դատավորներին շարունակում է մտահոգել այն հարցը, որ ՍԴ անդամների թոշակի տոկոսի չափն ավելի բարձր է, քան դատական համակարգի դատավորներինը: Իսկ թե այս հարցը ինչպես կկարգավորվի, դեռեւս դժվար է ասել: Ավելին՝ այս օրերին դատավորների մի զգալի մասը սպասում է օրինագծի վերջնական տարբերակին, որից հետո նոր կհստակեցնեն իրենց հետագա անելիքները:
Նկատենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը «վախեցավ» դատավորների սպառնալիքներից, քանի որ դեռեւս 2 ամիս առաջ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դատավորները մեկօրյա գործադուլ կանեն, եթե իրենց պահանջները չկատարվեն: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ նախագիծը դեռեւս չի ուղարկվել Սերժ Սարգսյանի հաստատմանը, իսկ թե ինչպիսին կլինի նրա որոշումը դժվար չէ կանխատեսել` հաշվի առնելով երկրում լարված իրավիճակը: Վերջինս ամեն կերպ կփորձի ազատվել ավելորդ գլխացավանքից, գոնե առայժմ լռեցնելով դատական համակարգի «ընդդիմադիրներին»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ