ՈՒՐՈՒԳՎԱՅԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հուլիսի 2-9-ը Երեւանում տեղի կունենա ուրուգվայական ֆիլմերի առաջին ցուցադրությունը: Այն անցկացվելու է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջ նախաձեռնեց հայ-ուրուգվայական մշակութային փոխանակում՝ Երեւանում կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն: Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական կինոարվեստը, որն արտացոլում է երկրի ոգին՝ իր պատմության, երաժշտության եւ ինքնատիպության միջոցով: Ցուցադրությունը տեղի կունենա Թումո կենտրոնում եւ «The Club»-ում: Մուտքն ազատ է:
ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ` ՆԱՀԱՆԳԱՊԵՏ
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին նախատեսում է մասնակցել Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններին: Ըստ հրապարակման՝ դերասանի հեղինակությունը Դեմոկրատական կուսակցությունում բարձր է, այդ իսկ պատճառով նահանգապետի պաշտոնը Հոլիվուդի հայրենիքում իդեալական համապատասխանում է Քլունիին: «Ջորջը լավ հարաբերությունների մեջ է դեմոկրատների ու անձամբ նախագահ Բարաք Օբամայի հետ, եւ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը նրան շատ է գրավում: 53-ամյա դերասանն ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով ՄԱԿ-ում՝ որպես խաղաղության դեսպան 2008-2014 թվականներին:
«ՕՍԿԱՐ»՝ 79.000 ԴՈԼԱՐՈՎ
Ռոդ Այլենդում (ԱՄՆ) կայացած աճուրդում բեմադրող նկարիչ Ջոզեֆ Ռայթին 1942-ին «Իմ ընկերուհի Սելը» ֆիլմում «Նկարչի լավագույն աշխատանքի» համար հանձնված «Օսկար» մրցանակը վաճառվել է 79.200 դոլարով: Ռայթը մահացել է 1985-ին եւ արձանիկը ժառանգաբար փոխանցվել է նրա զարմիկին։ Լոնդոնում կայացած մեկ այլ՝ Bonhams աճուրդում 902.500 ֆունտ ստեռլինգով վաճառվել է Պոլ Գոգենի «Վարդերի փունջ» կտավը։ Պիեռ Օգյուստ Ռենուարի «Ձիթենիներ Կաննում» աշխատանքը վաճառվել է 446.500 ֆունտ ստեռլինգով, իսկ Սալվադոր Դալիի «Լեդի Գոդիվա» բրոնզե քանդակը` 302.500 ֆունտով։