Օրեր շարունակ blognews.am կայքում մի հոդված է տեղադրված երգչուհի ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻ մասին` վերնագրված «Նոր սերիալ` «Պատգամավորի աղջիկը» (գլխավոր դերում Սոֆի Մխեյան)»: Այս հոդվածի շուրջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել, սակայն Սոֆին դեռ ոչ մի կերպ չի արձագանքել: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է երգչուհու կարծիքն այս ամենի մասին, սակայն մինչ այդ մի քանի հատված այդ ոչ հաճելի հոդվածից:
Հոդվածի հեղինակն է Գագիկ Թերլեմեզյան անունով մեկը, ով շատ կոպիտ է արտահայտվում երգչուհու մասին, իրեն թույլ տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ. «Յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են մարդիկ, ում նայելիս խորը զզվանք ես զգում: Ու բնավ էլ պարտադիր չէ, որ այդ մարդը շատ վատը լինի, շատ տգեղ կամ անտաղանդ: Նա ուղղակի կարող է ազդել վրադ իր շարժուձեւով, գործերով ու ներկայությամբ: Դա ո՛չ ավել, ո՛չ պակաս, տաղանդի կծիկ, գեղեցկության չափանիշ Սոֆի Մխեյանն է: «Հայտնի հայրիկի անհայտ աղջիկը» ֆիլմ կարելի էր նկարել Սոֆիի մասին: Կամ էլ նոր սերիալ` «Պատգամավորի աղջիկը»: Սցենարը դեռ վերջնական չեմ որոշել, բայց սա կլինի մի անտաղանդ ու ցածր IQ-ով աղջկա մասին, ով օրերից մի օր որոշում է երգչուհի դառնալ: Դես է ընկնում, դեն է ընկնում, գլուխը պատերովն է տալիս, տխրում, որ ձայն չունի ու վերջում հասկանում, որ ինքը Հայաստանում է, որտեղ փողով նույնիսկ լավ երգել է հնարավոր: Հետո սերիալի մեջտեղներում պարզում է, որ հայրը պատգամավոր է… Այն էլ ինչ պատգամավոր, ճամբարափոխ, փող կերած պատգամավոր, որը երիտասարդ տարիքում դավաճանել էր հարազատ ՕԵԿ-ին եւ այժմ գաղտնի սիրաբանում է ՀՀԿ-ի հետ: Ի դեպ, վերջին փաստը նա համառորեն փորձում էր թաքցնել տանեցիներից: Հայրը բռնում է անտաղանդ աղջկա ձեռքն ու ուղեւորվում քաղաք` երգի մեծածախ շուկա: Էնտեղի երգավաճառ դալալից հարմար գնով երգ է գնում, հարեւանի ձայնագրման ստուդիայում ձայնագրում, դզում-փչում ու հայտնվում «Դար 21»-ի եթերում: Մի քանի փողով հարցազրույց ու համերգ, ու արդեն Սոֆին իրեն սկսում է աստղ անվանել: Սկզբից, ճիշտ է, մի քիչ քաշվում է, բայց 1000-րդ անգամ հայելու դիմաց կրկնելուց հետո արդեն սկսում է կամաց-կամաց հարմարվել իր նոր տիտղոսի հետ: Ու էնքան է հարմարվում, որ օրերից մի օր որոշում է տարվա լավագույն երգչուհի դառնալ: Սերիալը, իհարկե, Happy end է ունենում: Սոֆին երազում, երազում է, ու մի օր երազը կատարվում է, վերջապես նրան հրավիրում են ռեստորան` հարսանիքի տեղը երգելու»:
Իսկ հիմա լսենք Սոֆի Մխեյանի կարծիքը:
-Ընդհանրապես չեմ ուզում խոսել այդ հոդվածի մասին, անտարբեր եմ, զրո ռեակցիա: Մինչ մարդիկ դատարկաբանությամբ ու չարախոսությամբ են զբաղվում, ես կշարունակեմ ներկայացնել իմ նոր աշխատանքներն այն մարդկանց, որոնք սիրում ու գնահատում են ինձ: Ոչ մի պատասխան չեմ տա, քանի որ գրողն այդքան չկա, անանուն, անհայտ մեկն է: Անուն-ազգանունը գրված է, բայց դուք տեսնո՞ւմ եք` ինքը ով է, նույն հաջողությամբ կարող է մեկ այլ անուն գրված լիներ: Ինձ համար այնքան պրիմիտիվ է այս երեւույթը, որ մարդիկ ժամանակ են վատնում նման բաներ գրելու համար: Այս տեսակ բաներ գրելուց առաջ թող իրենք իրենց մի րոպե նայեն հայելու մեջ:
-Ի՞նչ եք կարծում, դա պատվե՞ր է Ձեր կամ Ձեր հոր դեմ:
-Միեւնույն է, դա այնքան պրիմիտիվ է, որ ինձ անգամ չի հետաքրքրում: Նման մարդկանց ուշադրություն չեմ դարձնում: Ցավոք սրտի, ես չգիտեմ` նա ով է, իսկ ես Սոֆի Մխեյանն եմ, ով սիրված է ու շարունակում է անել իր գործը: Ինչ վերաբերվում է հորս, արդեն հոգնել եմ` նույն թեման քննարկելով: Բազմիցս շեշտել եմ` հպարտ եմ, ուրախ եմ, որ ունեմ նման հայր: Իմ հայրը պարզ ճակատով է քայլում առաջ, ինչպես նաեւ իր դուստրը: Շատ ծիծաղելի է այս թեման անընդհատ շահարկելը: Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն, թող փորձեն մի քարը մյուսի վրա դնել: Վնասը հենց իրենց են անում, ոչ թե ինձ, հավատացնում եմ: Եթե բան ունես ասելու ու այդքան կաս, արի՛, աչքերիս մեջ նայի՛ր ու ասա՛: Թող շարունակի ժամանակ վատնել այդպիսի հոդվածների վրա:
-Ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս արձագանքեցին:
-Մեր ընտանիքի արձագանքը զրոյական է, չենք անդրադառնում: Կրկնում եմ, մինչ ինքը զբաղվում է դրանով, ես շարունակում եմ աշխատել: Շատ շուտով կներկայացնեմ անակնկալ, ուղղակի հիմա չեմ ուզում բարձրաձայնել:
-Հնարավո՞ր է, որ այդ անակնկալը լինի սերիալի տեսքով, լսել եմ, որ նկարահանվելու առաջարկ եք ստացել:
-Մոտ 5 տարի է` ստանում եմ բազմաթիվ առաջարկներ, բայց մերժում եմ, քանի որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Ես այնքան գործ ունեմ անելու իմ ասպարեզում, որ ժամանակ չունեմ սերիալում նկարահանվելու:
-Նաեւ այսպիսի ծայրահեղ տեսակետ կա. այդ հոդվածը հատուկ պատվիրված է հենց Ձեր կողմից, քանի որ սեւ PR-ը լավ է աշխատում:
-Ես նման խնդիր չունեմ, առանց դրա էլ ամեն ինչ նորմալ է ընթանում է: Անգամ ծիծաղելի է մտածել դրա մասին: Ուղղակի կցանկանամ, որ մարդկանց մեջ չլինի այդքան չարություն ու այդպես ինքնահաստատվելու խնդիր:
«ԱՆՏԱՐԲԵՐ ԵՄ, ԶՐՈ ՌԵԱԿՑԻԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ