Հունիսի 30-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Միաժամանակ ոստիկանությունից հիշեցնում են, որ հունիսի 30-ին՝ ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը, ժամը 02:00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972 թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին` ժամը 00:15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին:
Նույն օրը` ժամը 03:50-ին, վերակենդանացման բաժանմունքում տուժողը մահացել էր:
Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Կարոն 1969 թ. ծնված Կարեն Մկրտչյանն է:
Հուլիսի 1-ին Կարինե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Կարինե Ս.-ն կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: