Կորոշվի բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել եւ աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության եւ սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։ Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը նշեց, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը եւ Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաեւ առողջապահական համակարգի տարբեր կառույցներում հավաքագրվող տեղեկատվությունը։

Ներկայացված փաստաթղթի քննարկման ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ ու առաջարկներ։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկեց առանձնացնել երեք կարեւոր ուղղություններ` բժշկական ծառայության որակի, ֆինանսատնտեսգիտական ցուցանիշների եւ սպասարկման որակի կամ հիվանդի գոհունակության գնահատում։

«Մեր հիմնական նպատակն է նաեւ այս ճանապարհով նպաստել բժշկական ծառայության բարձր որակի ապահովմանը եւ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Պետք է լինեն համակարգված, պարզ ու հստակ մոտեցումներ ու հարցադրումներ, որոնք կներառեն առողջապահական հիմնարկի շենքային պայմաններից ու նյութատեխնիկական հագեցվածությունից մինչեւ ապացուցողական բժշկության հիման վրա մշակված չափորոշիչների կիրառմանը»,-ասաց նախարարը։

Առաջարկներ ներկայացվեցին նաեւ ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների եւ սպասարկման որակի հսկման մեխանիզմների վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվեց առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության եւ սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանության հետագա մշակման գործում ընդգրկել Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետներին։




Լրահոս