ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս հայկական մասնաբաժինը ռուսներին հանձնելու գործարքին, համացանցում գրել է.
««Հայռուսգազարդ»-ի գինը 1.2 միլիարդ դոլարից պակաս չէ: Եվ ուրեմն` դրա 20 տոկոսը 240 միլիոն դոլար է: Հիմա սա վաճառել ենք, տվել ենք, սվոպ ենք արել:
Ներեցեք, պարոնայք հայ իշխանավորներ, դուք հո խուլիգան չեք: Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել: Ի վերջո հսկայական հանրային գույք է օտարվել»:
Անկեղծ ասած` հետեւելով հայրենի իշխանությունների, մասնավորապես ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրապարակային հայտարարություններին, դժվար է չհամաձայնել Բագրատյանի հետ:
Հիշեցնենք, որ Մովսիսյանն ընդամենը 3 օր առաջ ասել էր, թե ռուսական գազի դիմաց Հայաստանը «Գազպրոմ»-ին պարտք է 155 միլիոն ԱՄՆ դոլար, ինչի դիմաց էլ, իբր, հայկական կողմը ռուսներին փոխանցեց մեր մասնաբաժինը:
Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ անցած 3 օրվա մեջ հայրենի իշխանությունները պարզել են, որ մենք ռուսներին պարտք ենք ոչ թե 155 միլիոն դոլար, այլ դրա կրկնակին` շուրջ 300 միլիոն դոլար: Այդ մասին դեմքի անվրդով արտահայտությամբ երեկ հայտարարեց նույն Արմեն Մովսիսյանը` ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին:
«Ռուսական կողմի հետ երկարատեւ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ պարտքի կեսը` 150 միլիոնը, Հայաստանը կմարի «Հայռուսգազարդ»-ում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասը տալու միջոցով, իսկ մյուս 150 միլիոնը կմարի ռուսական կողմը»,- ահա այսպիսի ցնցող բացահայտումներ արեց Մովսիսյանը:
Մի կողմ թողնելով այն, թե ինչպիսի հեշտությամբ է այս պաշտոնյան իր սիրելի «շարիկների» նման խաղում միլիոնավոր դոլարների հետ` մե՛կ ասելով 155 միլիոն, մե՛կ 150, նշենք, որ նրա պահվածքը գնալով ավելի ցինիկ է դառնում:
Այսպես. 3 օրվա մեջ մեր ունեցած պարտքը կրկնակի աճեցրած նախարարը երեկ դեռ մի բան էլ աչքալուսանք տվեց, թե «էդ 300 միլիոնը բանակցությունների արդյունքում է, կարող էր շատ ավելի մեծ լինել»` այդպես էլ չբարեհաճելով պարզաբանել, թե ինչպես եւ ինչու պետք է մեր պարտքն ավելի մեծ լիներ:
Նաեւ սույն պաշտոնյան հարկ չհամարեց տեղեկացնել, թե ինչի դիմաց են ռուսներն այդքան բարի գտնվել ու համաձայնել մարել մնացած 150 դոլարը` հղում անելով բանակցային գործընթացի գաղտնիությանը, ասես թե խոսքը ղարաբաղյան բանակցությունների մասին էր:
Մի հարցի, սակայն, Մովսիսյանը տվեց ադեկվատ պատասխան: «Արդյոք հայկական կողմն ուրիշ բան չի խոստացել այդ 150 միլիոն դոլարի դիմաց» «Ազատության» հարցին նախարարը պատասխանեց. «Ուրիշ բան չունենք խոստանալու»: Նման որակի իշխանության դեպքում այլ կերպ չէր էլ կարող լինել: