Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, պարոն դեսպան, եւ հանձինս Ձեզ՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանը եւ օրենքի գերակայությանը ձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ ի դեմս Միացյալ Նահանգների ունենք հուսալի գործընկեր, որի հետ կիսում ենք բազմաթիվ արժեքներ եւ իդեալներ։
Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջեւ հաստատվել եւ ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Վերջին մի քանի տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի: Մենք շնորհակալ ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը մշտապես ցուցաբերվող աջակցության համար եւ պատրաստ ենք ամբողջությամբ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում է բազմաբնույթ համագործակցությունը Միացյալ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կուզենայի հատկապես նշել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը, որի գործունեության շնորհիվ փոխգործակցության նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի առաջխաղացման համար: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին համագործակցության ամրապնդման գործում մենք կարձանագրենք նորանոր հաջողություններ: Օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել նաեւ Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, այլեւ յուրովի կամուրջ են հանդիսանում հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման եւ համգործակցության զարգացման գործում: Անկախության օրվա առիթով մեկ անգամ եւս շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում այստեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, հետագա առաջընթաց եւ բարեկեցություն մաղթում Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին»: